▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր քննիչներն ասել են` դուք չգիտեք` ովքեր են էսինչի տղաները, որ ծեծել են ձեր տղային»

Երբ այս տղան 13 օր գտնվել է կոմայի մեջ, ձեր քննիչները տղայի ընտանիքի անդամներին ընտանեկան դրության մասին են հարցեր  տվել և ասել` դուք չգիտեք` ովքեր են էսինչի տղաները, որ ծեծել են ձեր տղային. պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՔԿ տնօրենին ԱԺ–ում Էջմիածնում ցեխաջրի պատճառով դաժանաբար ծեծված ու սպանված 22–ամյա երիտասարդի գործից հարց ուղղեց։

Արթուր Պողոսյանն ասաց, որ օրենքով քննիչներից պահանջվում է պարզել յուրաքանչյուր հանցանքի շարժառիթը, անձանց միջև փոխհարաբերությունները։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին Էջմիածնում ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդն օրեր անց մահացել էր։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ այս գործով առկա է տեսախցիկ, որն իբրև կայծակից վնասվել է։

***

«Ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավել գումար հափշտակվեց»,- ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին դիմելով՝ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ դրա համար նա ոչ մի քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չտվեց։ Խամոյանը հայտնեց, որ ելնելով կատարվածից, նա դիմել է ՔԿ՝ մեկ այլ գործով իրեղեն ապացույց հանդիսացող 1 տոննա կոկաինի առկայությունը ստուգելու համար։ Խամոյանը ցանկություն է հայտնել համոզվելու՝ տեղո՞ւմ է իրեղեն ապացույցը, թե մեկ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այն։ ՔԿ-ից մերժել են պատգամավորի դիմումը․ «Հետևաբար առաջարկեք այլընտրանքային որևէ մեխանիզմ՝ տեսնեկու արդյոք 270 մլն արժողությամբ բեռը տեղո՞ւմ է, թե՝ ոչ»։

Քննչական կոմիտեի նախագահը Ագնեսա Խամոյանի հարցերի մեջ սարկազմ տեսավ։ Նրա խոսքով իրեղեն ապացույցը տեսնելու համար ընթացակարգեր գոյություն ունեն և անհնար է դատավարության կողմ չհանդիսանալով տեսնել այն․ «Ձեր ցանկությունները, մեծ ցանկության դեպքում անգամ, չեմ կարող բավարարել»,- ասաց Պողոսյանը։

ՔԿ-ի նախագահի խոսքով՝ չի կարծում, որ «իր քթի տակից» առանձնապես խոշոր չափերով գումար են հափշտակել․ «Չգիտեմ՝ «իմ քթի տակից» ասելով ինչ եք հասկանում, բայց ՔԿ համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում․․․Ես դափնիներ չեմ ուզում, հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել, հանցանք կատարած անձանցից մեկը անմիջապես ձերբակալվել է ու կծիկը բացահայտվել է»,- նշեց նա։

***

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ԱԺ-ում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով․ «Կներեք, հոգնած եմ»։

ՔԿ նախագահն անպատասխան թողեց նաև հարցը, թե ինչու քրեական վարույթ չի հարուցվում Աննա Հակոբյանի՝ «հոգևորականները չուլաններում մանկապղծությամբ են  զբաղված»  հայտարարության  վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more