▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ տեսնում հիմքեր, որոնք թույլ կտան արցախցիներին մեղադրել ՀՀ-ում հեղաշրջում կատարելու մեջ»․ Գագիկ Բաղունց

«Ես չեմ տեսնում հիմքեր, որոնք թույլ կտան արցախցիներին մեղադրել ՀՀ-ում հեղաշրջում կատարելու մեջ»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ հավելելով, որ հանրահավաքը խնդիրների լուծման համար պայքարի միջոցներից մեկն է։

Նրա խոսքով՝ արցախցիների զգալի մասը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի օրինական ճանապարհով հասնի սոցիալ-տնտեսականից մինչև քաղաքական հարցերի լուծման և արցախահայության հավաքական վերադարձի իրականացման։

«Օգտագործվում են բոլոր իրավական մեխանիզմները, որպեսզի հարցերը ստանան լուծում, հանրահավաքը այդ ուղղությամբ պայքարի մի մասն է»,- հավելեց Բաղունցը։

***

«Կառավարությունը որոշում է կայացրել բարեփոխումներ իրականացնելու մասին, բարեփոխումներ տեղի են ունեցել, բայց դրանք բավարար չեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ, Արցախի պետնախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը։ Նա հավելեց, որ ամենօրյա ռեժիմով արցախցիներից ստանում են ահազանգեր, որ 40 հազարական դրամ աջակցությունը չստանալու դեպքում կհայտնվեն փողոցում։

«Անժամկետ նստացույց ենք հայտարարում, միևնույն ժամանակ կքննարկենք, թե ինչպիսի ազդակներ կլինեն կառավարությունից, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ»,- հավելեց Իսկանդարյանը։

Նշենք, որ Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։

***

«Մեր հանրահավաքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ կողմ չեմք այս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ արցախցիների վերաբերյալ, դա վերաբերում է և՛ արտաքին, և՛ ներքին հարցերին»,- այս մասին արցախցիների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի կետերից շատ քիչ մասին են լուծումներ տրվել։

«Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում, դա գրավոր և բանավոր ներկայացրել ենք։

Բացի հանրահավաքից՝ երթի իրազեկում և շարունակական նստացույցի իրազեկում է եղել, սակայն միայն հանրահավաքն է արտոնվել: Երթի ու նստացույցի վերաբերյալ, իմ գնահատմամբ, չհիմնավորված հիմքեր են ներկայացրել իրենց մերժման համար: Իրենց խոսքով՝ անհնազանդության գործողությունները խախտում են հասարակական կարգը, այնինչ՝ դրանք մեր քաղաքացիական իրավունքն են, և մենք իրավունք ունենք համապատասխան գործողություններ իրականացնելու»,- նշեց Բեգլարյանը։ Նա հույս հայտնեց, որ հանրահավաքի ընթացքում բանակցությունների արդյունքում կարող են երթի և նստացույցի թույլտվություն ստանալ։

***

«Արցախցին աշխատում է, բայց առանց կառավարության օգնության հնարավոր չէ գոյատևել, դուք գիտեք, որ մենք կորցրել են տունը, տեղը, մեր երեխաներին, զինվորներին, մեր գերեզմանները և մինչև այսօր ունենք գերիներ, որոնց մասին իշխանությունները լռում են»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքում նշեց «Նախնյաց հետքերով» ՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Սայիդա Պողոսյանը։
Նա կոչ արեց լինել համախմբված և շարունակել պայքարը՝ մեծ բռնունցք դարձած՝ ընդգծելով․ «Այս պահին մեզ համար կարևոր է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու օգնությունը։

***

Արցախցիները հայտարարեցին նստացույց։
«Հայտարարում ենք նստացույց, բոլորով միասին նստում ենք այստեղ մինչև կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները։ Մենք տեր ենք մեր իրավունքներին»,- հայտարարվեց արցախցիների՝ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ։

***

Ազատության հրապարակում նստացույց հայտարարած արցախցիներին ոստիկանության ներկայացուցիչ Լևոն Ղազարյանը թույլ չի տաիս նույնիսկ քնապարակ բերել։ Նրա հետ բանակցող Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասաց՝ դրանով հասարակական կարգ չեն խախտում, որևի մեկի գլխին չեն նետելու, խոստացավ այն օգտագործել դրա բուն նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more