Այսօր ժամը 14:00-ին նախատեսվում է ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ ի պաշտպանություն 12 տարի անհիմն ազատազրկման դատապարտված Վռամ Վարազդատի Գյոզալյանի: Մասնակիցները ՀՀ Նախագահին և գլխավոր դատախազին նամակ են հանձնելու, որով պահանջում են վերանայել և արդար դատավճիռ կայացնեն Վռամ Գյոզալյանի նկատմամբ: Կազմակերպիչները պնդում են, որ բողոքի ակցիաները լինելու են շարունակական՝ մինչ արդար դատավճռի կայացումը:
12 տարի ազատազրկման դատապարտված Վռամ Վարազդատի Գյոզալյանի շահերի պաշտպան, փաստաբան Աննա Թամազյանն ահազանգում է հերթական կործանվող ճակատագրի մասին: Գործում առկա ապօրինությունները մատնանշելով՝ փաստաբանը հատկապես հանրության ուշադրությունն է սևեռում դատարկ արձանագրության փաստաթղթերի վրա, պատահաբար անհետացած կոշտ կրիչ սկավառակի վրա, որտեղ բժշկի վկայություններն են:
«Սույն թվականի փետրվարի 5-ից հանդիսանում եմ մեղադրյալ՝ Վռամ Վարազդատի Գյոզալյանի շահերի պաշտպանը,որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104-րդ հդվ. 2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերով,որը իրականում չի կատարել: Փաստաբանին դիմել են մեղադրյալի ծնողները՝ հրաժարվելով նախկին փաստաբանի՝ Արտակ Քոչարյանի, ծառայություններից:
«Ստանձնելով պաշտպանությունը մեղադրյալի ես պահանջեցի և ստացա ՀՀ Վերաքննիչ դատարանից նշված քր.գործի նյութերը,և կոշտ կրիչները, ի դեպ նշեմ, որ նյութերի պատճենները ինձ տրամադրվեցին ոչ թե անվճար, ինչը մատնանշված է ՀՀ քր.դատ.օրում, այլ ես 3 հատոր գործը վերցրել և իմ միջոցներով պատճենահանել եմ: Ինչպես նշեցի, ծանոթանալով գործի նյութերին՝ պարզեցի, որ սկսած նախաքննությունից, ի դեպ նշեմ, որ ի սկզբանե իմ պաշտպանյալի նկատմամբ հարուցվել է քր.գործ ՀՀ Քր.օր-ի 112 հդվ.1-ին մասի հատկանիշներով, ինչը համապատասխանում է իրականությանը և իմ պաշտպանյալը այն չի ժխտում, սակայն 6 ամիս հետո այն արհեստականորեն ուռճացնելով և ոչ ճիշտ մեկնաբանություն տալով ՀՀ քր.օր-ի հոդվածներին՝ իմ պաշտպանյալի կատարած արարքի վերաբերյալ այն վերավորակվել է ՀՀ Քր.օր-ի 34-104 հդվ.2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերի, բացի այդ պետք է փաստեմ, որ նախաքննության ընթաքցում խախտվել են իմ պաշտպանյալի իրավունքները՝ տեսնելով և օգտվելով այն փաստից, որ իմ կոլեգա՝ Արտակ Քոչարյանն ուշադիր չէ նախաքննության կողմից կատարվող քննչական գործողություններին, օրինակ՝ անձնական խուզարկության և մարմնի քննմանը, որտեղ տվյալ արձանագրությունը լրացված չէ և փակված չէ:
Աննա Թամազյանին զարմացրել է այն հանգամանքը, որ տրմադրված կոշտ կրիչների մեջ հունիսի 16-ի դատական նիստի ձայնագրությունը, որտեղ որպես վկա լսել էին դատական բժշկին և բուժող բժշկին,չի եղել ոչ մի տեղ:
Դրանից հետո փաստաբանը կրկին դիմում է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով այդ նիստի ձայնագրությունը, սակայն նրան այնտեղից պատասխանում են, որ տվել են ամբողջը:
«Այնուհետև ես դիմեցի առաջին ատյանի դատարան՝ նույն պահանջով և այնտեղ ինձ ասացին, որ չեն կարող ինձ տրամադրել այդ ձայնագրությունը, քանի որ համակարգչի հետ որոշակի խնդիրներ են եղել և այդ ձայնագրությունը ջնջվել է: Ես էլ նրանց ասացի, որ եթե կորչի այդ նիստի ձայնագրությունը, ապա դա հիմք է հանդիսանում գործը վերաքննիչ դատարանում բեկանելու և նոր քննություն սկսելու»,-ավելացրեց դատապաշտպանը:
Վերաքննիչ դատարանի գործողությունները չեն դադարում զարմացնել Ա. Թամազյանին... մի քանի օր անց նրան զանգում են վերաքննիչ դատարանից և հայտնում, որ այդ նիստի ձայնագրությունը կա և պատրաստ են այն դրամադրել : Նմանատիպ զանգ փաստաբանը ստանում է նաև առաջին ատյանի դատարանից:
Այդ ձայնագրությունը, ըստ Ա. Թամազյանի, կարևոր էր նրանով, որ այդտեղ բուժող և դատական բժիշկները շատ հստակորեն ներկայացնում են, որ այն վնասվածքները, որը հասցրել է իր պաշտպանյալը, կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի կատարած արարքը վերաորակվել է մի արարքի, որը նա իրականում չի կատարել:
«Նախաքննության նյութերը ուսումնասիրելիս հստակ երևում է, որ այն կատարվել է միակողմանի՝ խախտելով ՀՀ քր.դատ.օր-ում ամրագրված սկզբունքները, այն կառուցված է մասնավորապես «տուժողի» ցուցմունքների վրա, շատ զարմանալի փաստ է, երբ նախաքննական մարմինը արձանագրում է, որ տուժողը զբաղվում է վաշխառությամբ, ինչը չի հերքում նաև տուժողը, սակայն նրա նկատմամբ հարուցված քր.գործը կարճվում է»,-հավելեց նա:
Նրա փաստմամաբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ օրենքի խախտումները չեն ավարտվում նախաքննությամբ, դրանք շարունակվում են դատարաններում, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Բոլոր խախտումներն ի հայտ են գալիս, դատարանը արձանագրում է, որ իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքում չկան տվյալ արարքի հանցակազմին բնորոշ հատկանիշներ, դրանք հաստատվում են թե՛ տուժողի ցուցմունքներում, թե՛ դատաբժշկի և բուժող մասնագետ բժշկի ցուցմունքներում. փաստվում է, որ իմ պաշտպանյալը նպատակ չի ունեցել սպանելու տուժողին, և որ վնասվածքները որպես այդպիսին ծանր չեն, սակայն անհասկանալի պատճառներով իմ պաշտպանյալին դատապարտում են 12 տարի ազատազրկման, որն աբսուրդ է: Ընդամենը մարմնական վնասվածք է հասցվել: Ինչու են կործանում այս մարդու կյանքը»,-նկատեց Աննա Թամազյանը:
Նույն սցենարը, ըստ փաստաբանի, կրկնվում է ՀՀ Վերաքննիչ դատարանում և կրկին՝ նույն ավարտը:
«Ինչի՞ց են վախենում դատավորները կամ ումի՞ց»,-զարմանում է նա: Սակայն փաստաբանն այս ամենից եկել է մի եզրահանգման. «Քաղաքի նախկին դատախազ Հ. Բադալյանից, ինչո՞ւ հենց տվյալ անձից, պատասխանը շատ պարզ է՝ նրա անունն է մատնանշում, չգիտես, թե ինչու, մեղադրանքը պաշտպանող դատախազ Է. Պետրոսյանը, որպես պաշտպանիչ վահան, այն էլ՝ դատարանում, բացի նշվածից, կան նաև այլ հանգամանքներ, որոնք փաստում են նշված անձի առնչությունը իմ պաշտպանյալի նկատմամբ վճիռ կայացնելու վրա»:
Մարմնական վնասվածք հասցրած Վռամ Գյոզալյանը դատարանում հաստատել է, որ ցանկություն չի ունեցել սպանություն իրականացնել, այդ մասին է վկայել նաեւ տուժողը, սակայն գործը քննվում է կանխամտածված սպանություն և առևանգում հոդվածների շրջանակներում: Վռամ Գյոզալյանը չի հրաժարվում, որ մարմնական վնասվածք է հասցրել տուժողին, սակայն փաստաբանը նշում է, որ նա հետ է կանգնել սպանություն իրականացնելուց, ինչը վկայում է նաև տուժողը, երբ ավտոտնակի համար վիճաբանությունից հետո Վռամ Գյոզալյանը թողել է, որ տուժողը հեռանա, փաստաբանը մատնանշում է, որ Վռամը եթե ցանկանար սպանել, կսպաներ, բայց հետ է կանգնել հանցագործություն իրականացնելուց:
Եվ ի վերջո փաստաբանը չի կարողանում հասկանալ մի բան՝ ինչո՞ւ են ցանկանում կործանել մի երիտասարդի ճակատագիր: