Թարմացված․ Առավոտ․am-ը գրում է․ Այս երկուշաբթի՝ օգոստոսի 28-ին կրկին չկայացավ Երեւան-Կապան օդային չվերթը։ Ըստ մեր աղբյուրների, չվերթը հետաձգվեց եղանակային պայմանների պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռը օդ էր բարձրացել, բայց հետո տեսանելիություն չլինելու պատճառով վերադարձել «Զվարթնոց»։ Ի դեպ, նախատեսվում էր, որ այսօրվա չվերթով Կապանից Երեւան պիտի գնար երկօրյա այցով Սյունիքում գտնվող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Սակայն նա, ըստ մեր աղբյուրների, առավոտյան շուտ Երեւան է ճանապարհվել ավտոմեքենայով։
Նշենք նաեւ, որ կայքի աղբյուրներով՝ Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով օգոստոսի 28-ի չվերթների բոլոր տոմսերը սպառվել էին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր առավոտյան, Կապանի «Սյունիք» օդանավակայանի մոտակայքից լսվել են ավտոմատի կրակահերթեր, սակայն պարզ չի՝ արդյոք կրկին թիրախավորվել էր օդանավակայանը։ Սակայն այս տեղեկությունը դեռեւս պատկան կառույցների կողմից չի հաստատվում։
Հրապարակ.am-ը գրում է. «Արդեն գրել էինք, որ այսօր առավոտյան Երևանից Կապան չվերթ պետք է իրականանար։ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուից փորձել էինք ճշտել, թե արդյոք թռիչքը տեղի է ունեցել։ Օդանավակայանից մեզ ասել էին, որ օդանավը «Զվարթնոցից թռել է, սակայն չեն կարող ասել՝ վայրէջք կատարե՞լ է, թե՞ ոչ, սակայն աշխատակիցը նաև ասել է, որ թռիչքը տևում է 1 ժամ, և ենթադրում է, որ օդանավը վայրէջք է կատարել։ Այդ ընթացքում մամուլում լուր տարածվեց նաև, որ օդանավը Կապանում վայէջք չի կատարել, և վատ տեսանելիության պատճառով կրկին վերադարձել է Երևան։
Մենք կրկին կապվեցինք «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ օդանավը վատ տեսանելիության պատճառով հետ է վերադարձել, աշխատակիցն այս անգամ ասաց․
«Մեզ մոտ ցույց է տալիս, որ Երևանից Կապան մեկնել է, իսկ թե վայրէջք կատարե՞լ է, մենք տեղեկություն չենք ստացել»։ Աշխատակցին հարցրինք, իսկ ժամը 11-ին Կապանից Երևան եկող օդանավն արդեն ժամանե՞լ է, նման թռիչք կա՞ր նախատեսված, աշխատակիցը պատասխանեց․
«Դեռևս տեղեկություն չունենք, ժամը 11-ին էր տված, դեռևս նոր տեղեկություն չենք ստացել»,- պատասխանեց աշխատակիցը»:


