Եթե ասում են՝ ոստիկանապետից նվեր ստանալուս համար «Ոչ թալանին» նախաձեռնությունը կթուլանա, ապա հայտարարում եմ, որ այսօր 2 մայկա, 3 նասկի, մեկ հատ էլ ոսկյա բրասլետ եմ ստացել: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյան:
Վերջինս պարզաբանեց, որ այդ նվերները այս անգամ ստացել է իր մորաքրոջ տղայից, անծանոթ երկու աղջիկներից և այլոց կողմից:
Դիտարկամանը, որ ոստիկանապետից նվեր ստանալը շատերը նույնացնում են կաշառք վերցնելու հետ, Վաղինակն ասաց, որ եթե Աստվածաշունչը համարում են կաշառք, ապա ինքն այդ «կաշառքը» կարող է նվիրել նրան, ով առաջինն է ցանկանում:
«Այն մարդիկ, ովքեր ոստիկանության դեմ մեր բողոքը և ոստիկանապետից նվեր վերցնելն էլ են կապում իրար՝ պարապ մնացած մարդիկ են ու չգիտեն, որ երկրում ուրիշ խնդիրներ կան: Օրինակ, հենց հիմա Նաիրիտի ժողովրդի փողը չեն տալիս, թող իրենք գան, կանգնեն այս մարդկանց կողքին: Թող պայքարեն՝ գազի գինն իջեցնեն, ոչ թե ասեն «Աստվածաշունչ է նվեր ստացել», «Աստվածաշունչ է նվեր ստացել»»,-ասաց Վաղինակը: