Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում աննախադեպ է. «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին», որտեղ ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումը, մարդու իրավունքների ու դեմոկրատական արժեքների խաթարման ռիսկերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիա Շուշանյանը գրառում է արել․ «Փետրվարի 1-3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։
Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների և կրոնական ազատության պաշտպանության համաշխարհային առաջատարների՝ պարոն Սեմ Բրաունբեքի և տիկին Կատրինա Լանթոս Սվետի հետ։
Սեմ Բրաունբեքը ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ է, որը լայնորեն ճանաչված է որպես կրոնական ազատության համաշխարհային առաջատար պաշտպաններից մեկը։ Նա ԱՄՆ-ի նախկին սենատոր և Կանզասի նահանգապետ է, իսկ 2018–2021 թթ․ նախագահ Թրամփի վարչակազմում ծառայել է որպես ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան։
Կատրինա Լանթոս Սվետը ամերիկացի իրավապաշտպան և քաղաքական գործիչ է, միջազգային կրոնական ազատության ոլորտի փորձագետ։ Նա ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) նախկին նախագահն է և մարդու իրավունքների ոլորտում խորհրդանշական գործիչ Թոմ Լանթոսի դուստրը։ Նա նաև իր հոր ժառանգությունը շարունակելու նպատակով ստեղծված Lantos Foundation for Human Rights and Justice կազմակերպության նախագահն է»։


