Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը խոսել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարելու դրդապատճառների մասին:
Ըստ «Demokrathaber» լրատվամիջոցի` Աթեշյանը նշել է, որ պատարագի չեղյալ հայտարարումը, արվել է առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով: Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ պատարագի հետաձգումը պայմանավորված է վերջերս Թուրքիայի արևելյան շրջաններում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված լարված իրավիճակով:
«Տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մեր համայնքի անդամների շրջանում վախ կա և նրանք խուսափում են այդ շրջաններ գնալ: Մենք էլ, պատարագի և արարողության մասնակիցների անվտանգությունից ելնելով, որոշոցինք սեպտերբերին 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարել:
Սակայն դա չի նշանակում է, որ պատարագը ընդհանրապես չի լինելու: Երկրում իրավիճակը կայունանալուց հետո պատարագը կիրականա» , -ասել է Աթեշյանը: Անդրադառնալով բախումներին` Աթեշյանն նշել է, որ հակամարտող կողմերը հանդիպելով իրար հետ, պետք է փոխհամաձայնությամբ լուծեն այս հարցը: «Կառավարությունը պետք է այս խնդիրը անպայման խաղաղությամբ լուծի: Կրակի դադարեցումը երկրի շահերից է բխում: Եթե այսպես շարունակվի, ապա այս իրավիճակը Թուրքիայում ապրող ցանկացած էթնիկ խմբի մեծ վնաս կհասցնի»,- եզրափակել է Աթեշյանը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am