▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհացունց» մտքերից միայն մեկի մասին

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ռուսական «Ռեգնում» գործակալությանը մայիսի 6-ին տված իր հարցազրույցում ի թիվս այլ «աշխարհացունց» մտքերի` անդրադարձ էր կատարել նաև հայկականության այսպես կոչված չափանիշներին: Մասնավորապես, իբր հղում կատարելով Մեսրոպ Մաշտոցի` պատմագիտությանն անհայտ ինչ-որ արտահայտության` սրբազանը հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Եթե դու հայ ես, նույնն է, թե քրիստոնյա ես, իսկ եթե քրիստոնյա չես, արդեն հայ չես»: Այն որ նման տեսակտներ Հայ առաքելական եկեղեցում արդեն վաղուց է որ թևածում են, բնավ զարմանալու կարիք չկա: Պարգև արքեպիսկոպոսից բավականին ժամանակ առաջ էլ Ասողիկ քահանա Կարապետյանն էր համանման մի տեսակետ նետել ասպարեզ, որը բավականին մեծ աղմուկ հանեց: Այս ամենի մեջ որևէ կերպ զարմանալու տեղ այլևս չկա: Հայ առաքելական եկեղեցուց նույնիսկ տեսակետներ են հնչել, որ ժամանակն է Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծելու: Սա բնական է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս` պետության հետ գրեթե սերտաճած վիճկան հաշվի առնելիս: Ինչ որ տեղ նման հայտարարությունները, լինեն պարգևյան կամ ասողիկյան մտքի արգասիք, նման են սեփական բացառիկության ու անփոխարրինելիության մեջ միանշանակորեն համոզված իշխանական մեծամասնությունից երբեմն երբեմն հնչող տեսակետներին, նման էին նաև ժամանակին, հատկապես բրեժնևյան տարիներին կոմունիզմի գովքն անող տեսակետներին: Դա հասարակությունն է, որ որ զարմանում է նման հայտարարություններ լսելով իր` համազգային նշանակության մի կառույցի ղեկավար կադրերից մեկի բերանից, որը կոչված է ազգային միասնության ու համերաշխության երաշխավորն ու կենդանի կրողը լինելու և ոչ թե ներազգային սորտավորում իրականացնելու ըստ կրոնական դավանական պատկանելիության: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հերթական լղոզված արձագանքը չի ուշանա նաև Մայր Աթոռից, որտեղ ևս մեկ անգամ կփաստվի, որ մեղավորը սխալ թարգմանությունն է, կամ բարձրաստիճան կղերականի խոսքերը ներկայացվել են ընդհանուր կոնտեքստից կտրված վիճակում, ու երևի մեղքի իր բաժինը կստանան նաև լրագրողները, որոնք գիշեր ու զօր նստած, անքուն անդադար մտածում են, թե ինչպես վարկաբեկեն առաքելական եկեղեցուն ու վերջինիս աշխատակիցներին: Մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ մարդու ազգությունը չի կարող որոշվել նրա կրոնական հայացքներով կամ կրոնական այս կամ այն կազմակերպությանը պատկանելիությամբ: Գենետիկ-մարդաբանական տվյալներ, լեզու, մշակույթ, հայրենիք. սրանք այն բաղադրիչներն են, որոնք կարող են ընկած լինել ազգային ինքնության ձևավորման և սահմանման հիմքում ու որքան էլ, որ կրոնը կարևոր, բայց երբեք որոշիչ գործոն չէ այս կամ այն անհատի ազգային պատկանելիության հարցում, քանի որ առնչվում է մարդու անձնական խղճի և պատկերացումների դաշտին, այլ ոչ նրա ծննդյան օրից իրեն տրվող հատկանիշներին: Այլ կերպ ասած, դա յուրաքանչյուր հասուն ու գիտակից անձի անհատական ընտրության, որոշման հարցն է և որևիցե կերպ չի կարող կապվել նրա ազգության հետ: Միաժամանակ նման հայտարարությունները իրենց մեջ կրում են անթաքույց այլատյացություն ու ֆաշիզմ և հակասում են ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ մարդու իրավունքներին առնչվող մի շարք հիմնարար միջազգային իրավական փաստաթղթերի հետ, որոնցում ամրագրված է յուրաքանչյուրի մտքի, խղճի և կրոնի ազատությունը, իսկ այդ հողի վրա յուրաքանչյուր խտրականություն հայտարարվում է հակաօրինական, դեռ չհաշված այն, որ նման հայտարարությունները կարող են միջդավանական թշնամանք և ատելություն սերմանել: Բացի այդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ, դեռևս 2008 թ.-ին հրապարակեց հայկական ինքնության մասին նոր թեզը, ըստ որի` Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը` պարզապես հայ է: Հայկական ինքնությունը չպետք է սահմանափակվի ինքն իր “ճշմարիտ” հատվածի մեջ ու պարփակվի` փորձելով պահպանել ինքնամփոփ անաղարտությունը: Հարատևման բանալին բազմազանությունն է, իսկ բնության անաղարտ տեսակները դատապարտված են: Հայկական ինքնության բանալին բազմազանությունն է: Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է: Այս ամենի հանրագումարում հարց է առաջանում. բարձրաստիճան կղերական Պարգև Մարտրիոսյանը իրեն հաշիվ տալիս է իր ասածների համար, որոնք ոչ միայն հակասում են ազգային մեր շահերին, ոչ միայն հակասում են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությանն ու իրավունքին, այլ նաև, ինչը որ ամենասարսափելին է այս դեպքում պետությանը սերտաճած եկեղեցու համար, հերքում է ըստ էության ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ: Ու եթե արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի թեզն այդքան իրավացի ու հավաստի է, ապա ինչու օրեր առաջ բարերար Հրայր Հովնանյանի կնոջ անվամբ կառուցված Սուրբ Աննա եկեղեցին /Մայր Աթոռից աճպարարություն անելու կարիք չկա, բարերարն ինքն իր բերանով հայտարարեց այդ մասին տեսախցիկի առաջ/ օծվեց առանց հավատացյալների` ըստ պարգևյան թեզի` իրական հայերի, հանդիսատեսների շատ նեղ-էլիտար շրջանակի ներկայությամբ: Գուցե նման եռանդունությամբ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան փորձի այս հարցին պատասխանել:

 

Հարություն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more