ermenihaber-ը գրում է.Թուրքական «ASİMDER» (այսպես կոչված` Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը կխոչընդոտի հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացմանը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` վերջինս որպես պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ է նշել այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում:Էրմիշը հայտարարել է, որ այդ հարցում համագործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:Ազգայնական ու հակահայ գործիչը պնդել է նաև, որ Սբ. Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:
Նշենք, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով «ASİMDER»-ը 2014-ի սեպտեմբերին պաշտոնապես դիմել էր Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին:Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, այս թեմայով արած հայտարարության մեջ նշել է, որ իրենք դիմել Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընթացք չէր տվել, մուտքի արտոնագրի և անվտանգության երաշխիքի համար ներկայացրած իրենց պաշտոնական դիմումին:Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: