▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ASALA»-ի լեգենդար մարտիկները Երևանում հանդիպել են ուսանողների հետ

Մարտի 17-ին, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի   մարտիկներ Վազգեն Սիսիլյանը և Հակոբ Ջուլֆայանը: Այս հանդիսավոր միջոցառմամբ տրվեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը:

 Նախքան միջոցառման մեկնարկը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ուսանողական խորհրդի նախագահ   Սերգեյ Խառատյանը  հյուրերին ուղեկցեցին ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների անվան լսարան, որտեղ Սերգեյ Խառատյանը ներկայացրեց մի քանի ուշագրավ փաստեր  ուսանող-ազատամարտիկների, լսարանի ստեղծման  և «Նժդեհ» ռազնահայրենասիրական ակումբի գործունեության մասին: Մարտիկները իրենց ստորագրությունները թողեցին  գաղտնի բանակի դրոշի վրա, որը նվիրեցին ՀՊՏՀ Ուսանողական խորհրդին:

                Այնուհետև ՀՊՏՀ Մեծ հանդիսասրահում մեկնարկեց  հանդիսավոր միջոցառումը: Նախ ցուցադրվեց  ֆիլմ, որը պատմում էր «ԱՍԱԼԱ»-ի ստեղծման, գործունեության և առաքելության մասին, որի ավարտին բուռն ծափերի և ձեռքի մատների «հաղթանակ» խորհրդանիշի ուղեկցությամբ դահլիճ մտան  գաղտնի բանակի անդամները:

 Միջոցառման սկզբում հյուրերին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Այնուհետև  ողջույնի խոսք ասաց  Ուսանողական խորհրդի  նախագահ Սերգեյ Խառատյանը, ով նշեց, որ ուսանողական խորհրդի կազմում ստեղծվել է  ժամանակավոր հանձնաժողով, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին  նվիրված միջոցառումների կազմակերպմամբ: Ս. Խառատյանը նաև խորհրդանշական հուշանվեր հանձնեց մարտիկներին:

Միջոցառման ընթացքում նախ ելույթ ունեցավ  «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը: Վերջինս առավել հանգամանալից պատմեց «ԱՍԱԼԱ»-ի կազմավորման և գործունեության մասին ուշագրավ պատմություններ, ներկայացրեց պատմական փաստեր: Վազգեն Սիսիլյանը առանձնացրեց ու կարևորեց  Հայկական հարցի միջազգայնացումը և պայքարի կոչ արեց երիտասարդներին. «Մեր առանձնահատկությունը հայ լինելու մեջ է: Հայ ենք, ուրեմն` պետք է պայքարենք»:

 Միջոցառման ավարտին ուսանողները հնարավորություն ստացան հյուրերին ուղղել իրենց հարցերը և ստանալ դրանց պատասխանները անմիջապես  «ԱՍԱԼԱ»-ի  մարտիկներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more