▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առյուծի բերանը բաց պետք է լինի, լեզուն, ժանիքները պետք է երևան.ՀՀ գերբը կփոխեն

ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով վերջերս ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով՝ ՀՀ պետական խորհրդանիշների հատկապես  գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով:

Հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ  նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու մշակութաբան Գագիկ Մանասյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին կատարվող աշխատանքներից:

«Գերբը յուրաքանչյուր պետության անձնագիրն է: Ինչպես նայում ես մարդու անձնագրին ու կարծիք ես կազմում նրա մասին, այնպես էլ տվյալ պետության գերբին նայելով կարծիք ես կազմում այդ պետության քաղաքականության, քաղաքական գործերի, անցյալի, ներկայի և ապագայի մասին: Մեր գերբում կան բազմաթիվ թերություններ.առյուծի բերանը փակ է: Գերբագիտության օրենքներով անընդունելի է փակ բերանով առյուծը: Դա նշանակում է, որ առյուծն անպաշտպան է, իսկ բաց լինելը՝ պաշտպանության, ինքնապաշտպանության, սկզբի, նախահարձակման բովանդակություն ունի: Մեր պետության սուրը կոտրված է: Ժապավենի վրա գրվում է տվյալ պետության կարգախոսը, մեզ մոտ չկա  այն: Ուստի, կամ ժապավենը չպետք է լինի, կամ բազմաբովանդակ ու կարճ կարգախոսը պետք է լինի: Իսկ, թե ինչպես են առաջացել այդ սխալները, ինչ գործընթացի հետևանքով, մենք չենք կարող պատասխանել, դրանք մեր գործառույթներից դուրս են»,-ասաց Գագիկ Մանասյանը:

Շարունակելով վերջինիս՝ Կարեն Աղամյանը նկատեց. «Թուրը չպետք է լինի ջարդված, առյուծի բերանը բաց պետք է լինի, լեզուն, ժանիքները պետք է երևան»:

Հանձնաժողովի անդամները նշում են՝ մեր այսօրվա գերբը վախկոտ, նահանջող քաղաքականության արդյունք է:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more