ermenihaber-ը գրում է.2016 թվականին Անին կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մշտական ցանկում: Քաղաքը 2012 թվականից ընդգրկված է UNESCO-ի ժամանակավոր ցուցակում միայն: Թուրքական «Turktime» լրատվական կայքը հայտնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի -ի մշտական ցանկում ընդգրկված են Թուրքիայի պատմամշակության ժառանգության 15 կոթող:
Դոցենտ Յըլդըզ Սալմանը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստմանը, հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցուցակում նոր կատեգորիաներ է ավելացրել, որոնցից մեկը մշակութային երթուղիներն են:«Բազմամշակույթ Արևելքում կարելի է առավել տարածված մշակութային ժառանգության համար նախագծեր պատրաստել: Ինչպես օրինակ՝ հայկական մշակութային երթուղին, որը կարելի է ձևավորել Կարսից մինչև Վան, Քոնիա՝ ներառելով բոլոր գյուղերն ու եկեղեցիները և այդպես ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ»,-ասել է Սալմանը՝ տեղեկացնելով, որ մեկ այլ տարբերակ էլ է հնարավոր, եթե Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ հուշարձանների մասով մեկ երթուղի ներկայացնեն՝ յուրաքանչյուրն իր տարածքում երաշխավորելով դրա պահպանությունը:Սալմանը խոսել է նաև Ստամբուլի Թուզլայի հայկական մանկատանը պատկանող «Արմեն» ճամբարի մասին: «Ըստ իս՝ «Քամփ Արմեն»-ը պետք է ներառել ոչ նյութական մշակութային արժեքների մեջ: Սակայն խոսքը միայն տարածքի մասին չէ: Շենքը նույնպես պետք է պահպանել: Այդ շենքը երեխաների ձեռքով է կառուցվել: Ճարտարապետական հանճարի արդյունք չէ, սակայն, ըստ իս, հենց այն պատճառով, որ նրա կառուցման գործընթացն իր տեսակի մեջ եզակի է, այն պետք է պահպանել»,- եզրափակել է Սալմանը: