«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում ՔՊ վերնախավի մասնակցությամբ կայացած ծնունդին բավականին հետաքրքիր հյուրեր են եղել։
Մամուլը գրել էր, որ Արտաշատում գտնվող «Ադանա» ռեստորանում մեծ շուքով իր 50-ամյակն է նշել ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Վահե Ղալումյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ներկա հյուրերը նկատել են, թե ինչպես են ՔՊ-ականները հատուկ մոտենում ու ողջագուրվում նախկին ոստիկանապետի հետ: Նկատելի է եղել նաև, որ Հովհաննիսյանի հետ գրկախառնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։
Դատելով այն հանգամանքից, որ Հովհաննիսյանը չի մնացել ԱՄՆ-ում եւ ՔՊ-ականների հետ ծննդյան առիթին էլ ջերմ ընդունելության է արժանացել, պետք է ասել, որ չի բացառվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետին նոր պաշտոնի նշանակեն։
Ինչ պաշտոնի՝ բարդ է ասել, քանի որ «ազատ տեղեր» Փաշինյանի կառավարության ներսում հաճախ են մնում»։