ԷկոԼուր-ը գրում է. «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող ծանր տեխնիկան ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում քանդում է համայնքի արոտավայրը համարվող բլուրը: Այն դարձել է հողի, ավազի հանք, և այնտեղից մեծ քանակությամբ հող է տարհանվում անհայտ նպատակով: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեցին Մեծ Այրում համայնքից:
Համայնքի բնակիչները փորձում են հասկանալ, թե ինչ է արվում հանվող հողի հետ: Շրջանառվում են տարբեր վարկածներ. մի մասը կարծում է, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի գործող Նահատակ պոչամբարի ինչ-որ հատվածի ռեկուլտիվացիայի համար է, մյուս մասը՝ Ճոճկան համայնքի ջրագծի անցկացման աշխատանքների կամ ներհամայնքային ճանապարհների հարթեցման:
ԷկոԼուրի հետ զրույցում Մեծ Այրումի համայնքապետ Սահակ Նազարյանը նախ նշեց, որ այդ տարածքը գտնվում է գերեզմանոցի մոտ, և հողը տարհանվում է գերեզմանոցի մոտ կայանող մեքենաների համար հրապարակ բացելու նպատակով: Նրա խոսքով՝ պոչամբարի ռեկուլստիվացիա չի արվում:
Սակայն համայքնապետը նաև չժխտեց, որ հողը օգտագործվում է կոմբինատին պատկանող պոչամբարի վերևի մասը լցնելու համար:
Մեծ Այրումի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանն էլ նշեց, որ նույնիսկ եթե այդ հողը օգտագործվում է պոչամբարի ռեկուլտիվացիայի նպատակով, դա չի նշանակում, թե ռեկուլտվացիան պետք է կատարվի մի նոր բնապահպանական աղետ ստեղծելու հաշվին:
«Ի՞նչ է նշանակում քանդել բլուր, որը հանդիսանում է տվյալ համայնքի սեփականությունը, արոտավայրը, փոխել համայնքի լանդշաֆտը, երբ այդ հողի քանդման համար ոչ մի համապատասխան ավագանու որոշում կամ հողի կարգի փոփոխում չի իրականացվել, և համայնքը չի տվել իր համաձայնությունը:
Ո՞վ է հարցրել այդ մասին համայնքի բնակիչներին, կամ ի՞նչ ռեկուլտիվացիայի մասին է խոսքը, երբ տվյալ համայնքին չի ներկայացվել ռեկուլտիվացիայի ծրագիր, ի՞նչ նորմերով է դա արվելու կամ ինչո՞ւ պետք է տվյալ ընկերությունը, որի պոչամբարի առկայությունը համայնքում վնաս է բերում համայնքի բնակիչներին, այդ վնասը մեղմացնի մի նոր վնաս հասցնելով», - նշում է Օլեգ Դուլգարյանը:
Նրա կարծիքով՝ բլուրը քանդելու գործողությունը, որը իրականացվում է տեղական իշխանությունների ներկայացուցիչների համաձայնությամբ և տեղեկացվածությամբ, անհապաղ պետք է դադարեցվի: