▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զելենսկին հայհոյել է Սպիտակ տանը

Զելենսկին հայհոյել է Սպիտակ տանը. լրագրողները լսել են` ինչ է նա քթի տակ ասում փոխնախագահ Վենսի հետ վեճի ժամանակ․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը մեկ արտահայտությամբ մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու պահվածքը Սպիտակ տանn ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։ X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է. «Զելենսկին իրեն ոչնչացրեց ամերիկացի ժողովրդի աչքում»։

***

Զելենսկին մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ բանակցելու եվրոպական առաջնորդների հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Հիշեցնենք՝ այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպումը թեժ է անցել, նրանք վիճել են՝ անգամ անցնել ծաղրանքի և վիրավորանքների։ Զելենսկին չի համաձայնել հրադադարին, նշելով, որ այն անիմաստ է լինելու։ Բանակցությունները, ըստ էության, տապալվեցին, չի ստորագրվել նաև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

Սպիտակ տնից հեռանալուց հետո Զելենսկուն իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական մի շարք առաջնորդներ։

***

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․ «Հավանական է համարվում այն տեսակետը, որ «Արևմուտք» կոչվածը բաղկացած է երկու մեծ մասերից, թեև, գոնե Բայդենի օրոք, դա չէր զգացվում: Այժմ, սակայն, Զելենսկին գործում է մասերից մեկի՝ Եվրոպայի դրդմամբ, որտեղ առաջնայինն է Անգլիան, մի քիչ ստվերում են Ֆրանսիան ու Գերմանիան: Այս երեկո Եվրոպան Զելենսկուն ապստամբեցրեց Թրամփի դեմ՝ «հանեց տեղից և նետեց» Թրամփի վրա:
Բացառված չէ, որ ինչ-որ երաշխիքների դիմաց, Եվրոպան մի վերջին անգամ կիրառեց իր հովանավորյալին, որ այժմ միայն իրեն է պատկանում: Չեմ բացառում նաև տարբերակը, ըստ որի՝ Զելենսկուն դրդեցին լինել ըմբոստ, որպեսզի ԱՄՆ-ը, առանց դեմքը կորցնելու, հիմքեր ունենա զրկելու վերջինիս աջակցությունից և Ռուսաստանը հնարավորություն ունենա դուրս գալ իր «սահմանադրական սահմանների» բնագիծը:
Եթե սա թատրոն չէր, ապա իրավիճակը հեղինակության լրջագույն հարց է դառնում, մանավանդ Թրամփի տիպի մարդու համար, քանզի, եթե ծանր վիճակում գտնվող Զելենսկու այս պահվածքը մնա անհետևանք, և Թրամփը չկարողանա իր ուզածին հասնել, ապա այլ՝ ավելի ուժեղ, օրինակ՝ Էրդողանի տիպի լիդերների հետ շփվելիս ԱՄՆ նախագահը կհայտնվի վատ դրության մեջ: Իր հերթին, եթե սա կրկին թատրոն չէր, ապա Եվրոպայի վրա է մնում ծանր ու անհեռանկար մի պատերազմի օժանդակելու դերը, որը վերջինիս ոչ մի իրական օգուտ չի տա և միայն վնասներ կարժենա: Կարելի է կարծել, որ եվրոպական «փողի տոպրակները» դրա տակ չեն մտնի:
Ըստ իս՝ ո՛չ Զելենսկին և ո՛չ էլ Եվրոպան արդյունքում չեն դիմանա և կնահանջեն»։

***

Թրամփի սոցցանցային գրառումը` Զելենսկու հետ հանդիպումից հետո. «Այսօր մենք շատ կարևոր հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Մենք շատ բաներ սովորեցինք, որոնք երբեք չէինք հասկանա, եթե չխոսեինք նման կրակի ու ճնշման տակ։ Զարմանալի է, թե ինչ է դուրս գալիս զգացմունքների միջոցով, և ես որոշել եմ, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ​​ներգրավվի, քանի որ նա զգում է, որ մեր ներգրավվածությունը իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում: Ինձ առավելություն պետք չէ, ես խաղաղություն եմ ուզում. նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հանդեպ` երկրի համար նվիրական Օվալաձև գրասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»։

***

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել, որում ասվում է. «Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալություն Դոնալդ Թրամփ, Քոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Զելենսկի-Թրամփ հանդիպումը շատ թեժ է անցել, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, երբ Զելենսկին ընդհատել է Թրամփին ու սկսել է հակադարձել նրան, ինչը զայրացրել է նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսին։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սպիտակ տանը Թրամփ - Զելենսկի հանդիպումը, որին ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը, նաև այլ պաշտոնյաներ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ըստ էության, անցել է աննախադեպ կոպիտ:

Հավանաբար շատերդ տեսել եք արդեն տեսանյութերը, ծանոթացել եք հաղորդագրություններին:

Ընդ որում, հանդիպումը կարծես թե սկսում էր բավականին լավ: Թրամփը Զելենսկուն դիմավորեց մուտքի մոտ: Բայց, հանդիպման ընթացքում հանկարծ ծավալվեց լարվածություն, և Զելենսկին պարզապես ենթարկվեց ուժգին, աննախադեպ գրոհի:

Ամենից էականը Թրամփի հայտարարությունն էր, թե՝ «եկա եզրահանգման, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»:

Սա, ըստ իս, նշանակում է, որ Զելենսկու վրա է բարդվում պատերազմի շարունակությունը: Կարծում եմ, որ ամերիկյան տեխնոլոգները բավականին հմտորեն կազմակերպել են լարվածությունը Սպիտակ տանը՝ Զելենսկուն հմտորեն ներքաշելով բավականին դաժան մի ծուղակ, որի վերջում Թրամփը անում է իր եզրահանգումը, այսինքն, ինչպես նշեցի՝ պատերազմի շարունակությունը, ըստ այդմ՝ նաև հետևանքը, բարդում նրա վրա:

Հիմա գլխավորը: Էր Ռիյադում բանակցությունից հետո իմ անդրադարձերում ես նկատեցի, որ կարծես թե քննարկվել է պատերազմի շարունակության միջոցով որոշակի վերադասավորումների տարբերակ, երբ սակարկության քաղաքական համաձայնությունները հնարավոր է իրագործել միայն պատերազմի միջոցով: Ընդ որում, հետո արեցի մեկ այլ գրառում, նկատելով, որ Էր Ռիյադի հանդիպումից հետո Թրամպը ուժգնացրել է գրոհը Զելենսկու հանդեպ, ինչը հաստատում էր առաջին եզրակացությունս:

Նախօրեին, Լավրովը՝ Դոհայում, Պեսկովը՝ Մոսկվայում, հայտարարում են, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ «ներառված» տարածքները չեն կարող լինել սակարկության առարկա: Սա նշանակում է, որ Ուկրաինայի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեյի մարզերը Ռուսաստանը շարունակելու է համարել իրենը և դրանց վերաբերյալ չի գնալու որևէ փոխզիջման: Ամբողջ հարցն այն է, որ այդ շրջանների ոչ բոլոր տարածքներն են օկուպացված: Մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ կողմնակից չէ պարզապես հրադադարին, կհամաձայնի միայն ամբողջական լուծումներ ենթադրող դադարին:

Եվ ուրեմն առաջանում է հարց՝ մինչև պատերազմի դադարը դրանք որևէ կերպ տրվելո՞ւ են Ռուսաստանին: Իսկ ինչպե՞ս, եթե ոչ պատերազմով:

Սա իհարկե իմ ենթադրությունն է, որ բխեցնում եմ՝ պրոցեսի դրվագները համադրելով և տրամաբանության իմ սխեման կազմելով:

Բայց, համենայն դեպս, կարծում եմ, որ հենց այդ սցենարի համար պետք է պատասխանատու, և ով, եթե ոչ Զելենսկին, այլ կերպ ասած՝ պարզապես արդեն իսկ վառված, խփված խաղաքարտը:

Համենայն դեպս, հետևենք: Բոլոր դեպքերում, որևէ կերպ չեմ կարողանում հավատալ, որ իրավիճակը Սպիտակ տանը պարզապես կարող էր այդ աստիճան դուրս գալ վերահսկողությունից և վերածվել «բազարի»: Հետևաբար կարծում եմ՝ դա հմտորեն մշակված «բազար» էր:

Գուցե և բոլորովին այլ նկատառումներով կամ պլանով, բայց հմտորեն «հյուսված» թակարդ»:

***

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Զելենսկու հետ: Հնարավոր բոլոր ձևերով ստորացնում են, որովհետև ո՛չ պահելաձ ունի, ո՛չ խոսելաձև, ո՛չ էլ սեփական երկրի մասին ա մտածում: Նիկոլի նման մի հատ էժան պոպուլիստ ա: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ է անում Նիկոլի հետ Ալիևն ուղիղ կապի միջոցով կամ փակ հանդիպումներում: Ոնց Թրամփն ա ստորացնում` ասելով, որ Զելենսկին անշնորհակալ ու մեծամիտ ա, նույն ձև էլ Ալիևն ա Նիկոլին ասում՝ հարբեցող ծաղրածու ու կեղտոտ լաթ:
Սա է պոպուլիստների, պետության մասին գաղափար չունեցողների ու հիմարների վերջը»:

***

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ տեղի ունեցավ այս րոպեներին Սպիտակ Տանը` աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ:
Թրամփն ու Վենսը բացահայտ վիրավորելով` նվաստացնում և եթերում վիրավորում են Զելենսկուն՝ ամերիկյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակմամբ:
Այս րոպեները փոխելու են համաշխարհային պատմության ընթացքը: Եվ սա ահռելի հետևանքներ է ունենալու նաև ԱՄՆ համար:
Համաշխարհային պատմության մեջ այսպիսի դրվագ երբևէ չի եղել:
Երբևէ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին