«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե, Հայաստանը լավ երկիր է և զբոսաշրջիկներին միշտ է գրավել ու գրավելու: Իհարկե, սփյուռքում ապրող հայությունը միշտ է կարոտել ու կարոտելու և հաճախ այցելելու է իր հայրենիք: Բայց զբոսաշրջիկների քանակը միայն հիմար ղեկավարը կարող է իրեն վերագրել: Իհարկե, հայ հոգևորականների մեջ կան այնպիսիք, որոնք եկեղեցու սպասավորի կոչմանն արժանի չեն և սխալմամբ են հայտնվել Հայ առաքելական եկեղեցում, բայց նրանց թերությունների մասին խոսելու իրավունք չունի երկրի կառավարումը ձախողած վարչապետն ու իր ստրկամիտների թիմը: Իհարկե, ընդդիմադիրների մեջ էլ կան պատեհապաշտներ, շահամոլներ, քաղաքական գործչի անվան տակ թաքնված անհայրենիք իշխանասերներ, բայց նրանց «դատավոր» կարող են լինել միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլ ոչ թե իշխանասիրության ռեկորդ խփած ՔՊ-ականները: Շարքային հայ մարդիկ կարող են նաև դժգոհ լինել Լևոն Տեր-Պետրոսյանից, կամ` Ռոբերտ Քոչարյանից, կարող են քննադատել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին ու շատ շատերին, բայց նրանց քննադատելու իրավունք չունի մեկը, ով 7 տարվա մեջ հայ ժողովրդին այնքան վնաս է պատճառել, ինչքան նախորդ 7 հարյուր տարում չէր պատճառել ոչ մի իշխանություն: Նման իրավունք չունի նա, ով Արցախի կորստի, արցախյան շարժման էջը փակելու հեղինակն է ու հպարտանում է դրանով: Ով չի գիտակցում անգամ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում: Մարդն 98-ին հասկացավ, որ չի կարող ճակատագրական ու միանձնյա որոշում կայացնել մի ողջ ժողովրդի փոխարեն և չարաշահել պետության կառավարչի` ժամանակավորապես իրեն վստահված պաշտոնը»։
***
Ավելի վաղ , Նիկոլ Փաշինյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն էր արել․ «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։
Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18–ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։ Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է։ Որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»։