«Վտանգավոր խաղասարքեր՝ անտեսված Երևանի քաղաքապետարանի կողմից»․ Էդուարդ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Երեկ Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնյաների հանցավոր անգործության պատճառով կյանքից հեռացավ 6-ամյա մի հրաշք բալիկ, ում գլխին էր ընկել խաղասարքը։
Արդյո՞ք Երևանի խաղահրապարակներն ավելի ապահով են և մեր երեխաներն անվտանգ են այդտեղ։
Իհարկե ո՛չ, ես մինչ այս բազմիցս խոսացել եմ այդ թեմայով և ցուցադրել վտանգավոր խաղասարքերը՝ տեղադրված կամ անտեսված Երևանի քաղաքապետարանի կողմից։
Այս տեսանյութի խաղահրապարակը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ հենց թաղապետարանի կողքը։
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ճոճանակը ջարդված է, իսկ սղարանի այս վիճակը 2 ամսվա պատմություն ունի։
Տեսանյութն ինձ ուղարկողը պատմեց, որ օրեր առաջ մի երեխա վերևից ընկնում էր և ինքն է կեսից բռնել։
Սա ոչ այլ ինչ ա, քան թաղապետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաների հանցավոր անգործության արդյունք»:
***
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահը հանցավոր անգործության հետևանք է։
6 օր բժիշկները պայքարել են փոքրիկի կյանքի համար, սակայն նա չի դիմացել, այսպիսի դեպքերը պատահականություն չեն՝ դրանք անմիջական արդյունքն են այն համակարգային անտարբերության ու ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի, որը խեղդում է մեր երկիրը։
Խաղահրապարակը պետք է լինի ամենաապահով վայրը երեխայի համար, ոչ թե մահվան ծուղակ։
Հրատապ կարգով պետք է աշխատանքից ազատվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք՝ համայնքային և պետական այն պաշտոնյաները, որոնց անփութության կամ հանցավոր անգործության հետևանքով փոքրիկ կյանք հանգչեց։
Այս դեպքը չի կարելի փակել «դժբախտ պատահարի» անվան տակ։
Սա հանցագործություն է՝ պաշտոնական անտարբերության հետևանքով»։
***
Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցի էս պստոն մահացավ համայնքային կառավարման բարդակի ու անտերության հետևանքով. Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ 100 տարվա մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որը ոչ մի ձև ամրացված չէր եղել, ընկել էր 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար, բայց ավաղ, ապարդյուն...
Լույսերի մեջ մնաս, պստո ջան...»։