▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեհափառի դեմ քրեական վարույթ նախաձեռնվեց

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Դիտեք նաև՝

***

 

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ, որի ժամանակ մենք ականատես կլինենք թաթար -մենղոլական կամ սելջուկյան արշավանքների մերօրյա տեսարանների ընդդեմ հայ ազգի հոգևոր սրբություններ։
Ես չեմ փորձի ազգային արժանապատվության, քրիստոնեական հավատարմության կամ Մայր Աթոռին պաշտպան լինելու մասին որևէ խոսք ուղղել մարդկանց, հանրությանը։
Հասկացողն ու ազգային բարոյականություն ունեցողը առանց այդ խոսքի էլի կգա Եկեղեցուն պաշտպանելու, իսկ չեկողները հերթական անգամ հազար ու մի պատճառ կգտնեն չգալու՝ տուն պահելուց մինչև աշխատանք չկորցնելը կամ աշնանային բերքահավաքից մինչև փորլուծություն։
Աստված թող ների նրանց հոգիներն ու նրանց զավակներին, ովքեր օրհասական պահին միայնակ կթողնեն Մայր Եկեղեցուն ներքին թշնամու դիմաց։ Գուցե ների... Գուցե
Աստված թող ների նաև այն ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, ովքեր կկատարեն հրամանը և կհարձակվեն Մայր Աթոռի վրա, կփորձեն բռնություն գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։
Չմոռանաք ձեր հանցանքների պատճառով ձեր վաղվա տառապյալ զավակների ու ծնողների մասին»։

***

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Վեհափառ Հայրապետի դեմ քրեական վարույթ նախաձեռնելը կամ հետապնդում հարուցելը քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է։
Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի վերաբերող գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում։ Սա առաջին հարցն է, որ պետք է առաջանա յուրաքանչյուրիս մոտ։
Այսինքն` մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հենց իրե՞նք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպեսզի իրենց հարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով։ Ստացվում է` հենց այդպես էլ կա:
Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ հենց իշխանական լրատվամիջոցները (ՔՊ կուսակցության պաշտոնաթերթը, Վարչապետի ընտանիքին և ըստ հրապարակային մի շարք աղբյուրների՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող լրատվամիջոցները) տարածեցին ձայնագրությունները, ինչո՞ւ են գեներացնում հանրային հետաքրքրություն վարկաբեկող նյութերով ու դրանից հետո «շատ պատահաբար հայտնվում» են իրավապահ մարմիններն ու իշխանական պրոպագանդայի մաս կազմող ԶԼՄ-ի հրապարակումները վերցնում են ուսումնասիրության։
Եւս մեկ անգամ հստակ պետք է նշել՝ Վարչապետը չունի օպերատիվ-հետախուզական, քննչական կամ իրավապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնավոր կյանքի, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք, նրան այդ տվյալները հասանելի չեն: Ավելին, այդ տվյալների գաղտնիությունը պաշտպանված է հենց նրանից:
Վարչապետին իրավունք չունեն փոխանցելու օպերատիվ հետախուզական, այդ թվում՝ ձայնագրությունների վերաբերյալ նյութեր։
Սրանք ՀՀ-ում գործող օրենքի, Սահմանադրության ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թե իմ կարծիքը և դրա նպատակը քրեական հետապնդման ու օպերատիվ-հետախուզական գործունեությունը քաղաքական որևէ ու հատկապես Վարչապետի ազդեցությունից պաշտպանելն է՝ անկախ նրանից, որ [անթույլատրելի կերպով] նրա կողմից են նշանակվում։
Հատկանշական է, որ այս տեղեկությունների տարածմանը զուգահեռ, ՔՊ պատգամավորներն ու իշխանության համախոհները ինտենսիվորեն լծվել են Եկեղեցին արատավորող հրապարակումների տարածմանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե գործում են օրենքի շրջանակում։
Մեր բազում խնդիրները լուծելու փոխարեն, հսկայական ռեսուրսներ, իրավապահ մարմինների մեծաքանակ ջանքեր ուղղվում են պետությունը թուլացնող, մեր ազգային դիմադրողականությունը քայքայող ապօրինի արարքների վրա, որոնք վրեժխնդրություն են ու նեղ քաղաքական շահերի նպատակ ունեն` նախևառաջ պայմանավորված ադրբեջանական պահանջներով: Սա նվեր է ադրբեջանական իշխանությանը` զավթողական ծրագրերի համար: Իշխանության գործելաոճը վարկաբեկում է հայ ազգին աշխարհում, վիրավորում է մեր արժեքները:
Այս արատավոր իրավիճակից ոչ մեկ շահած դուրս չի գալու։
Ակնհայտ է, որ իշխանությունների գործելաոճը բացարձակ նպատակ չունի երկրում հաստատել իրավունքի գերակայություն կամ առհասարակ պայքարել արատավոր երևույթների դեմ. սա ընդամենը հերթական հարվածն է մեր երկրի միջազգային իմիջին, ժողովրդավարությանը և մեր ազգային արժեքներին։ Այս գործելաոճը կոպիտ ոտնահարում է կրոնի և խղճի ազատությունը:
Եթե մեր Եկեղեցու ներսում խնդիրներ էլ կան, ապա դրանք չպետք է լուծվեն նման տարբերակով՝ հասարակությունը կրկին տանելով բաժանման ու ատելության խորացման ճանապարհով։ Կառավարության ղեկավարն ու ՔՊ խմբակցության պատգամավորները, այլ պաշտոնյաները հարցերը նման կերպ լուծելու իրավասություն չունեն։
Եվ վերջում` որպեսզի որևէ մեկը չշահարկի, հատուկ արձանագրում ենք, որ առհասարակ մեզ համար որևէ խախտում ընդունելի չէ, ու բարձրացվող հարցը եկեղեցու բուն ներսի հարց չէ: Պարզապես այնպես են անում, որ որևէ մեկն իշխանության անօրինականությունները չբարձրաձայնի. եթե բարձրաձայնվի, միանգամից այդ մարդուն կդարձնեն խախտումները խրախուսող ու քարոզչական հնարքներով կփակեն իրենց անօրինական պահվածքի հարցը»։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաստատ համոզված եմ, որ եթե Հայաստանում մի աղանդավորական շարժման անդամի մազը ծռվի, ոստիկանը թարս նայի, վրաները բարձր գոռա՝ ամբողջ Եվրոպան կալեկոծվի։ 69 հատ բանաձև կընդունեն, դեսպանները իրար հերթ չտալով՝ կդատապարտեն, փողոց կփակեն, տարատեսակ կառույցներն ու հանձնաժողովները վայնասուն կդնեն, ֆիրմա ԶԼՄ-ները 666 հատ դատապարտող հուզաճմլիկ ռեպորտաժ կպատրաստեն։
Բայց Նիկոլը դրած ավերում է մի ամբողջ եկեղեցի, բանտերը լցրել է հոգևորականներով, արդեն հասնում է Կաթողիկոսի կալանավորմանը, սրանք լուռ են, մի ծպտուն չեն հանում։ Բացառված չէ, որ անգամ զանգում են Նիկոլին ու ողջունում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կազմակերպած արշավն ու խորհուրդներ տալիս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին