▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում անչափահաս տղայի վրա կրակել է հայրը. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝  հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:50-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից  ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի անչափահաս մի բնակիչ:

Պարզվել է, որ երեխան հրազենային վնասվածք է ստացել Վարդենիս քաղաքի Ս.Գրիգորյան 9 հասցեում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 7,62X25 մմ տրամաչափի պարկուճներ։

Դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են անչափահասի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝  հայր եւ որդի Դավիթ եւ Մհեր Համբարձումյանները,  նշված հասցեում  վիճաբանել են  երկու այլ անձանց՝ Ա.Շաբոյանի եւ Պ.Պողոսյանի հետ, որի ժամանակ Մ. Համբարձումյանը տանից  վերցրել է ատրճանակը եւ կրակոցներ արձակել, որի հետեւանքով վիճաբանությանը ներկա գտնվող վերջինիս անչափահաս որդին ստացել է մարմնական վնասվածք:

Այնուհետեւ Ա.Շաբոյանը եւ Պ.Պողոսյանը նստել են Ա.Շաբոյանի կողմից վարվող «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենան եւ փորձել են հեռանալ դեպքի վայրից: Այդ ընթացքում հնչել է երկրորդ կրակոցը, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ձախ կողային ապակին:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ  գործողություններ, հարցաքննվել վիճաբանությանը ներկա անձինք, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են  մի շարք փորձաքննություններ: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 3 անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Մ.Համբարձումյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին