▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան, դու ո՞նց ես գիշերները քնում․․․․Մարինե Պետրոսյան

Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բարև, Վարդան։ Էս նամակը վաղուց էի ուզում գրել, բայց անընդհատ հետաձգում էի՝ ծանր էր։ Հիմա արդեն էլ չխոսել չեմ կարող, պիտի հարցնեմ։ Դու ո՞նց ես գիշերները քնում։ Կարողանո՞ւմ ես։ Ես քեզ որպես մարդ առանձնապես չգիտեմ, ավելի շատ քո բանախոսություններով եմ քեզ ճանաչում։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ լսեցի և իմ համար հայտնաբերեցի քեզ, ուրախությունից սիրտս խփում էր։ Տաղանդավոր և մտածող մարդիկ իմ համար հարստություն են՝ իմ հարստությունը, մեր ընդհանուր հարստությունը։ Երբ քո «Ովքեր արեցին հեղափոխությունը» գիրքը լույս տեսավ, 2019 թիվն էր։ Ամառ էր, շնորհանդեսը դրսում, Նալբանդյանի արձանի մոտ արեցիք։ Կարդացի գիրքը։ Հետաքրքիր էր շատ, բայց ամենաառանցքային որոշ մտքերի հետ համաձայն չէի։ Գրեցի դրա մասին, պատասխանեցիր, առարկեցիր, խոսակցությունը շարունակություն ունեցավ։ 2019 թիվն էր դեռ։ Հետո 2020-ը եկավ։ Պարտությունը եղավ։ Եվ շուտով Փաշինյանի «ազգային-գոյաբանական» ելույթները սկսվեցին։ Սկզբում դրանք էնքան խառն էին, որ թվում էր մեկը մյուսի հետ կապ չունեն և ընդամենը փոսն ընկածի անկանոն զեղումներ են, բայց հետո ակնհայտ դարձավ որ դրանց հետևում միավորող գիծ կա։ Ես գալիս էի քո ստեղծած Հովհաննիսյան ինստիտուտի հավաքներին, լսում էի քո և մյուսների գիտական ելույթները, և հանկարծ մի օր սարսափելի բան կատարվեց։ Ես տեսա պարանը, որի մի ծայրը ձեր գիտական ելույթների մեջ էր, իսկ մյուս ծայրը գնում հասնում էր Նիկոլ Փաշինյանի ելույթներին։ Ինձ մի պահ թվաց, թե ես գժվում եմ։ Գնացի տուն, մի քսան ժամ քնեցի, որ հանգստանամ և չխելագարվեմ։ Եվ երազումս տեսա քո գրքի Սլիկ երեցին, որն ինձ ասեց․ «Մենք 2020-ին չենք պարտվել, մենք հաղթել ենք։ Որովհետև դրախտը երկնքում փնտրելու փոխարեն մենք հիմա կարող ենք կառուցել Իրական Հայաստան՝ դրախտը երկրի վրա»։ Ես արթնացա և հեկեկացի։

Վարդան, Էսօր լրատվական և սոցիալական ցանցերը ողողված են ձեր Հովհաննիսյան ինստիտուտի ստացած փողերի մասին լուրերով։ Բոլորը խոսում են էն մասին, որ փողերը գաղտնի են տրվել՝ առանց մրցույթի, առանց հրապարակային տեղեկացման։ Բայց քեզ ուղղված իմ հարցը էնքան էլ դրան չի վերաբերում, ես ուղղակի վաղուց ուզում էի քեզ հարցնել և հիմա հարցնում եմ․ դու լսո՞ւմ ես Նիկոլ Փաշինյանի ելույթները, դու ո՞նց ես դրանցից հետո կարողանում քնել, քեզ ոչ ոք երազում այցի չի գալի՞ս, հարցեր չի տալի՞ս։

Թե՞ դու երջանիկ ես։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին