▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկությունը, թե մրցավարը «Խորեն Հովհաննիսյանի թիկունքն է պահել»՝ աղերս չունի իրականության հետ․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշված է.

«2025 թվականի հոկտեմբերի 6-ին Անի-14-1 - Աբովյան ակադեմիա-14 խաղի երկրորդ խաղակեսին տեղի է ունեցել միջադեպ Անի-14-1 թիմի անձնակազմի և խաղի մրցավարի միջև։ Միջադեպին անդրադարձել է Մեդիահաբ կայքը` նյութում իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ անելով։

Ընդգծենք, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ՀՖՖ Մրցումների և Մրցավարական դեպարտամենտի աշխատակիցները 10 րոպեի ընթացքում ժամանել են մարզադաշտ, զրուցել են միջադեպի մասնակիցների հետ, արձանագրել բոլոր հանգամանքները, և դրանք սահմանված կարգով ներկայացրել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկմանը։

Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՖԻՖԱ-ի մրցավար Մեսրոպ Ղազարյանը «Խորեն Հովհաննիսյանի թիկունքն է պահել» աղերս չունի իրականության հետ, քանի որ նա միջադեպի վայրում ներկա է եղել ՀՖՖ խմբի կազմում և ոչ մի կարծիք տեղի ունեցածի վերաբերյալ չի հայտնել։ Առավել դատապարտելի է այն, որ Մեսրոպ Ղազարյանին վերագրել են «լավ են արել, որ ծեծի են ենթարկել» արտահայտությունն իր գործընկերոջ վերաբերյալ։

Անդրադառնալով հոդվածագրի այն պնդմանը, թե ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է մրցավար Արմեն Խաչատրյանին՝ իրավիճակը հարթելու համար, ընդգծենք, որ նման հանդիպում տեղի չի ունեցել, և տեղեկացնենք, որ ՀՖՖ նախագահը երբևէ չի միջամտում ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի աշխատանքներին, և Կոմիտեի կողմից քննվող իրադարձությունների վերաբերյալ կարծիք չի հայտնում Կոմիտեի անդամների օբյեկտիվության վրա ազդեցություն չունենալու համար։

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած այն պնդմանը, թե ՀՖՖ-ն չի պատասխանել Mediahub.am-ի լրագրողին, ապա նշենք, որ դա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ հոկտեմբերի 8-ին լրագրողը դիմել է ՀՖՖ Հաղորդակցության բաժնի աշխատակցին, ստացել է գրավոր պատասխան, որից հետո հեռախոսազանգով նրան տեղեկացրել են, որ հավելյալ ինֆորմացիա կտրամադրվի ավելի ուշ։

ՀՖՖ-ն մշտապես հետամուտ է ցանկացած միջադեպի հանգամանքները պարզելուն, և վստահություն ենք հայտնում հայտնում, որ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն կքննի գործի մանրամասները և կտա օբյեկտիվ գնահատական»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին