▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Ասատրյանը փոխել է Հովհաննավանքի փականը, խոչընդոտում է հոգևորականների մուտքը՝ եկեղեցի

Կարգալույծ եղած և աշխարհականների շարքին դասված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու  փականը,  բանալիները հիմա իրենց մոտ են,  «Փաստինֆո»-ին ասել է Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը։ 

«Մեր մոտ եղած բանալիները այլևս գործածել հնարավոր չէ, ու ստացվում է, որ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում,  հիմա ո՛չ ես, ո՛չ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։

Ճիշտն ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, էլի ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված ու էլի թեթև վիճաբանություն ունեցանք։ Այսինքն, ամեն անգամ էնտեղ մեր գնալն ուղեկցվում է իրանց դժգոհություններով, դրա համար հիմա ավելի քիչ ենք սկսել լինել Հովհաննավանքում, նաև թեմի մեր ատենապետի խորհուրդն էր դա»։ 

Տեր Սարգիսը տեղեկացրել է՝   կիրակի օրվա համար արարողություններ են ունեցել, որոնց մեծ մասը չի կայացել․ «5 արարողություն ունեինք, պսակադրություններ, որոնցից միայն մեկն է մնացել Հովհաննավանքում, մնացածը տեղափոխեցին իրենց արարողակարգերը։ Այսօր նույնպես մկրտություն ունեի, զանգեցին՝ բացատրեցի, տեղափոխեցինք Սաղմոսավանք, որտեղ էլ ես իրենց մկրտությունը կատարեցի»։ 

Տեր Սարգիսի փոխանցմամբ՝  եկեղեցում արարողությունների մատյանը նույնպես զավթվել է, ուստի գրանցումների գրքից էլ չի կարողանում օգտվել։  

Փաստացի՝  Մայր Աթոռի գույքը բռնազավթված է։ Արդյոք դատական կարգով  այն կվերադարձվի՞․ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ փաստաբան Արա Զոհրաբյանը Մայր Աթոռի անունից դատախազություն հաղորդում է ներկայացրել․

«Ներկայացված հաղորդումը նաև այն մասին էր, որ խոչընդոտվում է օրինավոր քահանայի կողմից ծիսական արարողական կյանքը, միաժամանակ, նաև այն մասին էր, որ խախտված են Մայր Աթոռի սեփականության իրավունքին վերաբերող հարցեր։ 

Մենք այնտեղ այս պահին 2 քահանա ունենք նշանակված։ Ակնհայտ է, որ թե՛ Տեր Սարգսի, թե՛ Տեր Մանուկի ծառայությունը խոչընդոտվում է։ Սովորաբար, մարդիկ երբ ցանկանում են եկեղեցում արարողություն իրականացնել, եթե որևէ հոգևորականի հատուկ նախընտրություն չունեն, գալիս են որևէ արարողություն գրանցելու, այդ պահին որ հոգևորականն ազատ է լինում՝ ինքն էլ կատարում է , բայց եթե մարդիկ կոնկրետ նախընտրում են այս կամ այն հոգևորականին՝ խնդրում են, որ նա կատարի իրենց արարողությունը։ Այս դեպքում  շատերը տեղյակ չեն, որ կարգալույծ հոգևորականի արած մկրտությունը կամ պսակը անվավեր է։ Երբ որ դա իմանում են, մարդիկ կան, որ պահանջում են, որ այլ հոգևորական անի, որի կատարած ծեսը ընդունելի է և վավերական է։ Այս օրերին Հովհաննավանքում մյուս քահանաների աշխատանքը խոչընդոտվել է»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին