Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի եկեղեցի տանող հետիոտնուղու կառուցման ժամանակ հողի տակից հայատառ արձանագրություններ կրող 7 խաչքարեր են դուրս եկել, և, մեր տեղեկություններով, դրանք դիտելու հրավիրված Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ասել է, որ դրանցից մեկը պատրաստվել է վաղ քրիստոնեության շրջանում, մյուսները` 9-15-րդ դարերի ընթացքում:
Խաչքարերի վերաբերյալ ավելի հստակ ինֆորմացիա ստանալու համար կապ հաստատեցինք մի քանի հնագետների հետ, ովքեր, ի զարմանս մեզ՝ որևէ տեղեկություն չունեին այս մասին:
Պարզվում է՝ տեղյակ չեն նույնիսկ Մշակույթի նախարարությունում: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի տարածքում գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված 10-17-րդ դդ. պատմական գերեզմանոցի ուսումնասիրությունը կատարվում է պարբերաբար: Գերեզմանոցը գտնվում է գյուղի արևելյան կողմում գտնվող եկեղեցու շրջակայքում և եկեղեցու արևմտյան կողմում: Վերջինի մի զգալի հատվածը նախկին ադրբեջանցի բնակչության կողմից ծածկված է եղել գոմաղբի և կենցաղային աղբի մնացորդներով: Դեռևս 2012 թ. նախարարության Գեղարքունիքի և Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված տեղազննության ժամանակ աղբի շերտի տակից հայտնաբերվել է մեկ խաչքար, որը ներառվել է նոր հայտնաբերված օբյեկտների ցուցակում:
Իսկ դեպի եկեղեցի հետիոտնի ճանապարհի անցկացման նպատակով աշխատանքների իրականացման մասին համայնքը լիազոր մարմնին տեղյակ չի պահել, մինչդեռ նոր հայտնաբերված պատմամշակութային կոթողների բացահայտման կապակցությամբ՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթների, անհրաժեշտ էր դադարեցնել աշխատանքները, տեղեկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում պեղումներ կատարելու նպատակով, ինչը համայնքի կողմից չի կատարվել:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանից, ով ասաց, որ խաչքարերը գտել են 2 տարի առաջ, ուղղակի ինֆորմացիան նոր են հայտնել:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է երկու տարի գաղտնի պահվել՝ պատասխանեց.
«Եկեղեցուն ենք տեղյակ պահել, մյուսներին էլ չենք ասել, որ զահլա չտանեն ու չհարցենք՝ երբ, ում հետ, ինչքանո՞վ, որտե՞ղ»:
Հարցին, թե ինչո՞ւ գոնե Մշակույթի նախարարությանը տեղյակ չեն պահել, չէ՞ որ օրենքն է պարտադրում, Սուլիկո Շուշանյանը նկատեց.
«Ինչի՞ համար տեղյակ պահենք, ասեք՝ իմանանք»:
Կրկին հիշեցրեցինք, որ օրենք կա, ինչին գյուղապետն այսպես արձագանքեց.
«Մենք այդ օրենքից երևի տեղյակ չենք, սխալվել ենք, մեղավոր ենք»:
Փորձեցինք նաև զահլա տանող հարցերից տալ՝ ինչպե՞ս են գտել խաչքարերը.
«Հողը փորել են ու գտել: Մեր այս հողը ժամանակին ադրբեջանի տիրապետության ներքո է եղել, եկել գոմ են դարձրել, քարերը շուռ են տվել, մի մասն էլ ոչնչացրել ու գնացել են: Հիմա խաչքարերը եկեղեցու բակում են, ցանկապատել ենք, որ թուրքերը չգան տանեն»:
Անի Կարապետյան
Լուսանկարը տրամադրել է «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը