«Ախմատի» ֆուտբոլիստ Ուսման Նդոնգը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) «Կրասնոդարի» դեմ խաղում Էդուարդ Սպերցյանի դեմքին հարվածելու համար իրեն խաղադաշտից հեռացնելը՝ պնդելով, թե «Կրասնոդարի» ավագը ռասիստական վիրավորանքներ է հասցրել իրեն, հաղորդում է «Матч ТВ»-ն։
«Խաղում մի դրվագ տեղի ունեցավ։ Մոտեցա նրան, որ օգնեմ, ասացի, որ վեր կենա, բայց պահն արդեն անցել էր։ Նա մոտեցավ ինձ, հրեց և ասաց. «Փակիր բերանդ, սև կղանք», - պատմել է Նդոնգը։
Սպերցյանը հերքել է մեղադրանքները։ «Կրասնոդարի» ավագը նշել է, որ Նդոնգը պորտուգալերենով վիրավորել է իր մորը։
«Ես վնասվածք ստացա հարվածից։ Ատամներս ստիպված կլինեմ սարքել. վերևում մի քանիսը կոտրված են։ Իսկ դրանք թանկ արժեն», - նշել է Սպերցյանը։
Կրասնոդարում կայացած խաղն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Կրասնոդարի» օգտին։