▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանն ու Փաշինյանը վիճում են ԱԺ դահլիճում

Սեյրան Օհանյանն ու Փաշինյանը վիճում են ԱԺ դահլիճում

Դիտեք նաև՝

***

***

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննան Գրիգորյանն ԱԺ-ում արձանագրեց. «Միայն ձեր կառավարության ընթացքում 7 միլիարդ դոլարով ավելացել է ՀՀ պետական պարտքը: Բայց չկա մի բան, որ մատս դնեմ, ասեմ` այ սա է կառուցվել, այս գործն են արել: Անընդհատ նույն ճանապարհն եք վերանորոգում տարին 5 անգամ»:
«Ճանապարհների մասին ՏԿԵՆ նախարարը հստակ արտահայտվեց, դուք էլ սուտ եք ասում: Վատ վիճակում գտնվող ճանապարհները չեն ընդունվում, դրա համար չի վճարվում: Դա նաև նրանից է, որ ես ասում եմ` ժողովուրդ ջան, հերիք է ասեք, որ մենք հազարամյակների շինարար ենք, մենք ճամփա սարքել չգիտենք, դպրոց սարքել չգիտենք, շենք սարքել չգիտենք»,- բղավեց վարչապետ Փաշինյանը:

***

Նիկոլ Փաշինյանն, ով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծի մասին առաջին անգամ լսում է ԱԺ դահլիճում, մեկ ժամ չանցած սկսեց մանրամասն նկարագրել միևնույն միջադեպը:
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին զայրացած պատասխանելով` նա մոռացավ, որ ինքը Արթուր Չեխոյանին ծեծելու մասին «առաջին անգամ լսել էր» Քրիստինե Վարդանյանից ու բառացիորեն ասաց. «Ինչ վերաբերում է Նոր Նորքի դեպքին, ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս` անընդունելի է ինձ համար: Դրա շուրջ վարչական որոշումներ պիտի լինեն, թե չլինեն, ես նախընտրում եմ, որ... Նախ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր, և ես նախընտրում եմ որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի, հարգելի գործընկերների հետ: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ, ընդ որում, ես իմանալով նաև «Հանրապետություն» կուսակցության արժեհամակարգը, ես համոզված եմ, որ օրինակ, եթե մեկն ասի, որ «Հանրապետություն» կուսակցությունն էս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ: Եվ դրանից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ: Գիտե՞ք ինչ, բոլորս մարդիկ ենք և կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել և այլն, և այլն: Բայց կա որոշակի կանոն` մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք»:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում նկատեց. «Նիկոլ Փաշինյանն այստեղ հպարտանում է, թե Wizz Air-ի ուղղություններն ավելացել են: Հիշենք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4,5 միլիարդ էր տրամադրել Fly Arna ավիաընկերությունն ստեղծելու համար, այն տապալվել է և հարկատուների գրպանից այդքան գումար մսխվել է: Եվ դեռ ՀՀ-ին դատի են տվել: Air Arabia-ն, որ մաս էր կազմում այս կազմակերպությանն, պնդում է, որ եղել են որոշակի խոստումներ Փաշինյանի կողմից, որոնք չեն իրականացվել և այդ հիմքով էլ ՀՀ-ին դատի են տվել:
Փաշինյանի կառավարության ժամանակ է, որ ՀՀ-ն հայտնվել է Եվրոպական միության սև ցուցակում: Այս ամեն ֆոնին Wizz Air-ի` մի քանի ուղղություններ ավելացնելու մասին խոսելն այդքան էլ տպավորիչ չէ, այն էլ այն դեպքում, երբ Կառավարությունը մի քանի ուղղություներով էլ սուբսիդավորում է իրականացնելու»:

Աննա Գրիգորյանը նաև տարակուսեց, թե ինչ հպարտանալու բան կա, որ մեդիաներում կոռուպցիոն բացահայտումներ են արվում. «Հպարտանալու առիթ կլիներ, եթե իրավական հետևանք լիներ, ԱՆԻՖ-ով մի մեղադրյալ չկա։ Եթե չկա, եկել ի՞նչ եք ասում։ Ի՞նչ կոռուպցիայի հետից գնալ... Ի՞նչ բյուջե լցնել կոռուպցիոն նախկին սխեմաների համար։ Դուք էդ քաղաքական կամքը չունեք, ձեր թիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա ուղիղ ասեք»։

Փաշինյանն էլ հայտարարեց, թե հպարտանալու բան կա, որ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքում 34-րդ տեղում է։ «Ինչ մնում է բացահայտմանը, դա սկսում է հրապարակայնությունից, բոլոր այն դեպքերում, երբ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, քրեական պատասխանատվության մարդը ենթարկվում է։

ՀՀ-ում մամուլը չի դատական իշխանություն, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվենք, ձեզ կախաղան էինք հանել ու Հայաստանից արտաքսել էինք։ Բա ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ինչ գործ ունեք դուք էս դահլիճում նստած։ Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ՝ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»,- հունից դուրս եկավ վարչապետը։

***

«Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջոցով նրան փոխանցել եմ հսկայական թղթածրար՝ լրագրղական հետաքննությունների ժողովածու, որտեղ այսօրվա գործիչների գործունեության վերաբերյալ փաստական տվյալներ կան, չգիտեմ՝ կարդացե՞լ է, թե՞ ոչ»,- այս մասին ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Մանուկյանի փոխանցած փաթեթը դիտարկել է։ Նաև հայտնեց․ «Ինձ ԱԽ անվտանգության խորհրդի քարտուղարն ամեն ամիս զեկուցում է մամուլում հրապարակված բոլոր այն նյութերի մասին, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերին կամ որոնցում կասկած է հայտնվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ»։

«Շատ լավ է, որ հասել ենք այդ մակարդակին, մեզ համար արդեն ընկերոջ հարևանի հորեղբոր տղու բարեկամը արդեն կոռուպցիոն դեպք է»,- ընդգծեց Փաշինյանը։

***

Ազգային ժողովում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին ու պնդումներին, թե Կիրանցի սահմանին կառուցված պատը ճաքել է:

«Ոչ մի պատ չի ճաքել: Նախ, շինարարության մեջ պատը կարա ճաքի, բայց էդ ձեր տեսածը, որտեղ ես կանգնած եմ, դա պատը չի ճաքել, դա երկու առանձին պատերի միացման տեղ է, որը ներկվել է, և քանի որ արանքում տարածություն կա, ներկն է ճաքել։ Ձեր սուր աչքին մեռնեմ»,- ասաց Փաշինյանը:

***

«Դժվարանում եմ ասել, թե Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուրիշ բան կարող եմ ասել. էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան։ Մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել․․․

Պարզեցի, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան, և ՊՆ-ն և սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացնեն»։

Ինչ վերաբերում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, Փաշինյանը նշեց․ «Դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ, առանց դրանց մասին հայտարարելու, տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենալու և չեն կարող տեղի ունենալ, որովհետև սահմանազատումը սկսվում է, զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում: Այսինքն՝ այդ սպասումը ձևավորել, որ թաքուն կարող է սահմանազատման աշխատանք տեղի ունենալ, այդքան էլ ճիշտ չէ»:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Այնքան ակնհայտ է, որ ականազերծման աշխատանքները կատարվում են, և այդ ընթացքում նաև դժբախտ պատահարներ էլ են տեղի ունենում, այնպես չի, որ ես մեծ գաղտնիք եմ բացահայտում․․․ Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է այդ տարածքում կատարվում ականազերծում, եթե սահմանազատում այդտեղ չի կատարվելու»։
Փաշինյանը պատասխանեց, որ ականազերծման աշխատանքները չեն կարող սահմանազատման աշխատանքների հետ որևէ կապ ունենալ։

***

«Ամբողջ օրը` ասֆալտը լավ չարիք, էս արիք, էն արիք: Էդ մենք ենք դրանից տեղյակ, դուք չեք տեղյակ: Բա ո՞վ ա կոռուպցիայի դեմ պայքար սկսել»,- Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նեղսրտեց Նիկոլ Փաշինյանը: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, թե բոլոր ինստիտուտները երկրում կայացած են, և բոլորն իրականացնում են իրենց աշխատանքը:

***

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Նոր Նորքի թաղապետարանում բլոգեր Արթուր Չախոյանին խմբակային ծեծելու դեպքից ինքը տեղեկություն չունի. «Ես հավաստիացնում եմ` ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ: Որովհետև ես ավելի կարևոր գործեր ունեմ: Երկրում կայացած ինստիտուտներ կան, իրենք էլ կզբաղվեն այդ հարցով»,- հայտարարեց նա:

Սակայն քիչ անց ավելի զայրանալով` բարձրաձայնեց. «Հիմա եկել, ասում եք` բա գիտե՞ս` Մասիվի սադում էն օրն անցնում էինք, 4 հոգի նստած էին, 1-ը` պպզած: Այ քեզ բան: Դա ձեր զբաղվելու գործն ա: Ինստիտուտներ կան երկրում, զբաղվեք դրանով: Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում»:

***

«Որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք: Դուք նշեցիք կոռուպցիոն սխեմայի մասին (նկատի ունի մանկապարտեզի աշխատանքների թերակատարումը), ինչից ես այդքան էլ տեղյակ չեմ»,- Նոր Նորքի թաղապետարանում համայնքի ղեկավարի կողմից բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը: «Բայց ուզում եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից:

Եթե նույնիսկ էսօր մեր թիմից է, և հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, էդ պահից ինքը կդադարի լինել մեր թիմից»,- հավաստիացրեց նա:
«Բռնությունը մեզ համար անընդունելի է, մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հեգնեց` կրկնելով Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը. «Կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չի՞»:
Քիչ անց ավելի բորբոքվելով` Փաշինյանը հայտարարեց. «Ես հավաստիացնում եմ` ձեր ասած դեպքի մասին (Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին ծեծելու-խմբ.) լսում եմ առաջին անգամ: Ես ավելի կարևոր գործեր ունեմ, դրա համար երկրում կան կայացած ինստիտուտներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին