▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 1-ը՝ դեպրեսիայի սկիզբ

Վերջին օրերին հաճախ է խոսվում «աշնանային դեպրեսիա» ասվածի մասին: Asekose.am-ը կապ հաստատեց հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում «աշնանային դեպրեսիան», որոնք են դրա առաջացման պատճառները և հաղթահարման ուղիները:  Հայտնի է, որ դեպրեսիան տրամադրության անկում է, որը հանդիպում է շատերի մոտ և անդրադառնում է մարդու ֆիզիկական ու հոգեկան վիճակի վրա: Պրն. Մեհրաբյանը մեզ հետ զրույցի ընթացքում փաստեց, որ «աշնանային դեպրեսիան» մտնում է ավելի շատ նեվրոտիկ դեպրեսիայի տեսակի  մեջ, քանի որ մնացած տեսակները նաև հոգեբուժական կամ օրգանական խնդիրներ ունեն, իսկ այս տեսակը չունի:

Դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառներից մեկը անգործությունն է կամ ոչ շարժուն վիճակը: Հոգեբանը պարզաբանեց, որ դեպրեսիայի՝ աշնանային կոչվելու պատճառը պայմանավորված է նրանով, որ աշնանը տեղի է ունենում եղանակի կտրուկ փոփոխություն, ինչի հետևանքով մարդը չի կարողանում զբաղվել իր առօրյա գործունեությամբ:  Աշնանը դրսում շուտ է մթնում, պակասում է արևի ջերմությունը, ոմանք սկսում են առավոտյան դժվարությամբ արթնանալ: Եղանակային այսպիսի պայմանները, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունն են  թողնում անհատի կյանքի, ֆիզիկական վիճակի ու տրամադրության վրա,  սահմանափակում է նրա՝ ազատ գործելու հնարավորությունը (հիմնականում ազդում են ներշնչվող մարդկանց վրա):

«Աշնանային դեպրեսիայի» հիմնական ախտանիշներն  են թախիծը, թեթև տագնապը, անհագստությունը, տրամադրության կտրուկ անկումը, ախորժակի բացակայությունը, մեղավորության զգացումը, որը ամենից հաճախ է հանդիպում, առաջանում են քնի խանգարումներ, ընդ որում՝ պետք է նշել, որ այս պարագայում անհատը կարող է ոչ միայն քիչ քնել, այլ նաև՝ չափից շատ», -զրույցի ընթացքում նշեց պրն. Մեհրաբյանը: Այս պարագայում անձը դառնում է չափից դուրս նյարդային, նեղացկոտ: Սակայն գերակշռող ախտանիշը, պրն. Մեհրաբյանի հավաստմամբ, ցածր ինքնագնահատականն է, սեփական անձի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Հոգեբան Արկադի Մեհրաբյանը առաջարկում է «աշնանային դեպրեսիան» հաղթահարելու տարբերակներ. «Դեպրեսիայից դուրս գալու կարևորագույն ուղին ակտիվ գործունեությունն է: Անձը պետք է կարողանա  կարգավորել իր քնի ժամերը՝ անկախ ամեն ինչից, այսինքն՝ մարդը պետք է գիտակցաբար իրեն փորձի հանել հոգեբանական դեպրեսիվ վիճակից»,- նշեց պրն. Մեհրաբյանը, ով խորհուրդ տվեց նաև ուրախ, լավ ու որակյալ երաժշտություն լսել, լավ ու հետաքրքիր՝  կատակերգական ժանրի ֆիլմեր դիտել, քանի որ ակտիվ ժամանցն իր հերթին նպաստում է մարդու հոգեբանական վիճակի կարգավորմանը: «Հաճախ պետք  է գնալ զբոսանքի, հանդիպել հարազատների ու ընկերների հետ, փորձել աշնանային երեկոներն ավելի ջերմ միջավայրում անցկացնել»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «աշնանային դեպրեսիան» կարող է հանդիպել տարբեր անձանց մոտ՝ անկախ սեռային ու տարիքային պատկանելությունից: Աշնանայի դեպրեսիայի մեջ հիմնականում ընկնում են նրանք, ովքեր ակտիվ վարքով են աչքի ընկնում և դժվար են կարողանում հարմարվել նստակեցությանն ու պասիվ կյանքին:

Իսկ մեր այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանում գոյություն ունի «աշնանային դեպրեսիա» ասվածը, պրն. Մեհրաբյանը նշեց, որ իրականում այն ազգային կոնկրետ պատկանելություն չունի, այն չի լինում հիմնականում այն երկրներում, որտեղ եղանակի փոփոխություններ չեն լինում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղն արդեն սեպտեմբերի 1-ն է, այսինքն՝ աշնան առաջին օրը, ժամանակն է սկսել հետևելու հոգեբանի խորհուրդներին «աշնանային դեպրեսիայի» մեջ չընկնելու համար:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին