Կայքերի մեկը գրել է, թե Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Նույն կայքը նաև նշել է, որ լուրը Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
Asekose.am-ն այս լուրի առնչությամբ երկու կարծիք է ներկայացնում, մեկը սեփականը, մյուսը՝ Հայաստանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանինը:
Asekose.am-ի հետ զրույցում Տիգրան Բալայանը, մասնավորապես, նշել է. «ՍԾՏՀԿ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնական գործունեությունը լուսաբանվում է ԱԳՆ հաղորդագրությունների միջոցով»։
Ինչ վերաբերում է տարածված լուրի վերաբերյալ Asekose.am-ի կարծիքին... Վստահ ենք, որ Արա Գյուլերն այս լուրին կարձագանքեր իրեն բնորոշ խոսելաոճով, որին տեղյակ են բոլոր պոլսահայերն ու նաև լուսանկարչին ծանոթ հայաստանցիները: Իսկ պատասխանը ոմանց ականջին գուցե տհաճ թվա, սակայն Գյուլերի շրթունքից հանճարեղ է հնչում... «Ք.ք են կերած, որոշումներուս մասին միայն ես կըրնամ ասիլ աշխարհին»,-կասեր Արա Գյուլերը։
Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, մեր նկարահանող խումբը Ստամբուլում հյուրընկալվել էր աշխարհահռչակ լուսանկարչին ու զրույցի ընթացքում տեղեկացրել մամուլում տարածված տեղեկությունների մասին, ըստ որի «Դողուշ» հոլդինգի հետ պայմանագիր է կնքվել, որով թուրքական ընկերությանն է անցնելու Արա Գյուլերի ողջ արխիվը։
Արա Գյուլերը մեզ վստահեցրել էր, որ սուտ են այդ լուրերը և իր լուսանկարները չեն կարող որևէ ընկերության պատկանել, քանի որ «դրանք աշխարհինն են»: «Չգիտեմ, թե ո՞ր էշուն ձեռքի գործն է այդ լուրերը տարածելն, ի՞նչ քաք կա դրա տակ...»,- հանգիստ ժպիտով նշեց Արա Գյուլերը ու վստահեցրեց, որ արխիվի մասին որևէ խոսակցություն չկա, պարզապես տրապիզոնցի թուրք իր մտերիմի հետ փաստաթղթային պայմանավորվածություն ունի, որ հետևելու է Ստամբուլի կենտրոնում՝ Իստիկլյար պողոտայում գտնվող Ara Kafe-ի կառավարումը, քանի որ ինքն այլևս չի կարող զբաղվել դրանով:
Տեղեկացրել էինք նաև հատկանշական փաստի մասին, որ մեր հարցումներից ու մամուլում և Հայաստանում այդ լուրի վերաբերյալ արձագանքների մասին Արա Գյուլերին փոխանցելուց հետո, 87-ամյա լուսանկարիչը մտահոգ ու կասկածամիտ երևաց ու մեր զրույցը զգուշորեն ավարտեց՝ նշելով. «Մեկուն շտապ զանգ պիտի ընեմ…»:
Շաբաթօրյա մեր զրույցից երկու օր հետո թուրքական Cumhuriyet-ը գրել էր, որ Թուրքիայի հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել իր եւ «Դողուշ» հոլդինգի միջեւ կնքված պայմանագիրը։
87-ամյա Արա Գյուլերը, որքան էլ շատերի համար զարմանալի լինի, երիտասարդական ավյունով է լեցուն և ինքն ավելի լավ գիտի իր որոշումներն ու դրանց մասին բարձրաձայնելու ժամկետները:
Արա Գյուլերին ու նրա լուսանկարները Հայաստան բերելու գործին ոմանց ինքնագովազդը կարող է միայն խանգարել այդ կարևոր գործին՝ մանավանդ, երբ խոսքը Թուրքիայում գտնվող արժեքավոր արխիվի կամ լուսանկարների մի մասի՝ Հայաստան տեղափոխման մասին է:
Իսկ ամենևին գաղտնիք չէ, որ ինքնագովազդի համար իրենց խելքը կործրած որոշ նախարարներ առիթը բաց չեն թողնի՝ առանց մտածելու, որ սեփական PR-ի մոլուցքով կարող են վնասել մեկ ուրիշ նախարարության կամ պարզապես քաղաքացու ազնիվ մղումը:
Սթափվեք, քանի ուշ չէ և պատկերացրեք, թե ինչ կասեր ձեզ Արա Գյուլերը՝ մոտավորապես սա՝ «Ք.քի համը մի հանեք...»:
Լուսանկարներն՝ Asekose.am-ի