▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները տարածում էն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը

ՔՊ-ականները տարածել են մի հեռախոսազրույցի ձայնագրություն, որն իբրև տեղի է ունեցել 2023 թվականին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի միջև։

Ըստ ձայնագրությունում առկա խոսակցության՝ կաթողիկոսն իբրև ստիպել է եկեղեցականներին մասնակցել հակաիշխանական ցույցերի:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների․
Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։
Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»։

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայր Աթոռը, կարծում եմ, պետք է հստակ բացատրություն տա, թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել հոգևորականների՝ ցույցերին մասնակցելու առաջարկ-պարտադրանքի դեպքերը, մասնավորապես.
ա/ ո՞վ է համակարգել դա,
բ/ ո՞ր քաղաքական ուժի/ուժերի համար է արվել,
գ/ արդյոք միայն իշխանությունների դեմ արվող ցույցերի մասին է խոսքը, թե՞ եղել են նաև հօգուտ իշխանությունների, մասնավորապես, ասենք՝ 2018 թվականի հեղափոխության օրերին,
դ/ ցույցերին չմասնակցելու դեպքերում եղե՞լ են կարգալույծության դեպքեր...
Բացի այդ, կարևոր է նաև իմանալ, այս դեպքում՝ պատկան մարմիններից.
ա/ օրինական է արդյոք հոգևորականների՝ և ոչ միայն, գաղտնալսելու պրակտիկան,
բ/ գաղտնալսելուց հետո ինչքանով է արդարացված դրանք համացանցում տեղադրելը:
Առայժմ այսքանը»:

***

Համացանցում տարածվող Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին 24Նյուզ-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

***

Համացանցում, այնուհետեւ իշխանական լրատվամիջոցներում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացել ՀՀ քննչական կոմիտե:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին