«Չնայած երբեմն ռմբակոծություններ են լինում, բայց 1.5 տարի է, որ Քեսաբ ենք վերադարձել: Նրանք ովքեր Հայաստան էին եկել, Հալեպ էին գնացել, վերադարձան, ինչը ուրախալի է: Հիմա բնակիչների թիվը 2500 է: Եկեղեցին նորոգվեց, դպրոցը բացվեց, մարդիկ զբաղվում են հողագործությամբ, բայց քանի որ զբոսաշրջային վայր է, ցավոք, զբոսաշրջիկ չկա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լնցյանը:
Անդրադառնալով Համահայկական ամառային վեցերորդ խաղերին՝ Շանթ Լնցյանը նկատեց.
«Մեզ համար երազ էր Համահայկական խաղերին մասնակցելը: Մեր թիմը բաղկացած է 17 հոգուց, որոնք հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ են: Արդեն երկու բրոնզե մեդալ ենք նվաճել»,-ասաց նա:
Անի Կարապետյան