▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձել են բերման ենթարկել Տեր Փառեն քահանա Առաքելյանին

Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ հայտնեց, որ «2025թ․ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան առավոտյան վաղ գնում էր Սաղմոսավանք Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ, փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում, Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան:

Երկրորդ անգամ, դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին ճանապարհին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսի վրա միացված խոսել ենք: Ձայնագրության մեջ իմ, Տեր Փառենի և ոստիկանների խոսակցությունն է: Տեր Փառենը ոստիկանին ասում էր՝ «ես գնում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխեմ իմ հավատացյալ ժողովրդին ցավդ տանեմ»: Ոստիկանների անզիջում կեցվածքը՝ «100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է» պնդումները վերացան Տեր Փառենի համառության շնորհիվ և երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե՝ Հովհաննավանք: Շատ ամոթալի օրեր ենք ապրում: Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվար պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար»:

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խնդրում եմ՝ անցնել լինքով և լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։
Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը՝ Հովհաննավանքի իրենց կուսակցական «միջոցառման» անշեղ ընթացքն ապահովելու համար։ «Հարկադրաբար ներկայացնելու» ակնհայտ ապօրինի որոշմամբ ոստիկաններին հրահանգել են բերման ենթարկել Տեր Փառենին՝ կարծելով, թե ուղևորվում է Հովհաննավանք։ Ոստիկանները «ձեռ են քաշել» Տեր Փառենից միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ Տեր Փառենը Սբ.Պատարագ մատուցելու է մեկնում ոչ թե օկուպացված Հովհաննավանք, այլ Սաղմոսավանք։
Ոստիկանությունը կամաց-կամաց վերածում են աղանդավորական-կուսակցական շահերը սպասարկող զինված խմբավորման, հետո էլ զարմանում եք հանցավորության, հատկապես՝ սպանությունների ու թմրամիջոցների շրջանառության կտրուկ աճից։
Խոսքեր պարզապես չկան։ Խնդրում եմ պարտադիր լսել ձայնագրությունը:
ՀԳ. Հիանում եմ մեր Մայր Եկեղեցու արժանապատիվ Տեր Հայրերի տոկունությամբ, հանդարտությամբ, իմաստնությամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին