«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդանիկ» օպերացիան հերթական անգամ ի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես՝ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։
Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար, մինչդեռ, ըստ նրա, 20-30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։
Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնե՞ն ժողովրդին՝ հարցրինք մեր աղբյուրին: Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է, ըստ մեր աղբյուրի: Եվ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին։


