wnews.am-ը շարունակում է ներկայացնել ամանորյա հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեր զրուցակիցը ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանն է։
-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
-Անկեղծ ասած երեխաներիս մեծանալուց հետո ես գրեթե չեմ պատրաստվում, տոնական նախապատրաստություններով զբավում է կինս։
-Հասցրե՞լ եք արդեն ամանորյա գնումներ կատարել։
-Տարիներ շարունակ ինքս այդ օրերին ծանրաբեռնված ծառայության մեջ լինելով՝պատկերացրել եմ, թե ինչ դժվար է գնումները թողնել վերջին օրերին, դրա համար գնումները սկսում ենք քիչ ավելի վաղ, որպեսզի ավելորդ քաշքշուկի մեջ չհայտնվենք եւ իհարկե հիմա ավելի հեշտ է, քանի որ ամեն քայլափոխի կան մեծ առեւտրի կենտրոններ, որտեղից կարելի է գնել այն ամենը, ինչ պետք է։
-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում դիմավորում Նոր տարին։ Ի՞նչ ավանդույթներ կան։
-Նոր տարին միշտ մեր ընտանիքում նշվել է ըստ հայկական ավանդույթի. ամենքս մեր տանը նշում ենք, որից հետո հավաքվում ենք ծնողներիս տանը՝չնայած 1999 թվականից ես Նոր տարվա գիշերը տանը եղել եմ ընդամենը երկու անգամ, մնացած ժամանակները հերթապահության եմ եղել, այս տարի կնշեմ ընտանիքիս հետ։
-Ո՞րն է այն ամանորյա ճաշատեսակը, որը միշտ Ձեր կնոջից խնդրում եք պատրաստել։
-Գիտեք, կան ճաշատեսակներ, որ թեկուզ ամբողջ տարվա ընթացքում պատրաստում են, բայց տոնական օրերին ինձ թվում է ավելի համեղ է լինում. դա հայկական դոլման է՝իմ ամենասիրած կերակրատեսակներից մեկը։
-Ի՞նչ ամանորյա նվեր եք ստացել, որը մինչեւ օրս հիշում եք։
-Հիշում եմ հայրս Նոր տարվա կապակցությամբ ֆուտբոլի գնդակ էր բերել՝վրան էլ Արկադի Անդրեասյանի ստորագրությամբ, եթե չեմ սխալվում 1979-80 թվականներին էր, իհարկե, դա մատուցվեց Ձմեռ պապիկի անվան տակ, բայց իմ մեջ շատ է տպավորվել լեգենդի ստորագրությամբ նվերը. այն մինչ օրս էլ փայփայում եմ։
-Ի՞նչ նվեր եք մատուցել Ձեր կնոջն Ամանորին, որը մինչեւ օրս նա է հիշում։
-Իմ կարծիքով իմ ցանկացած նվերն էլ նա հիշում է, պարտադիր չէ Նոր տարվա լինի։ Ինձ մոտ մի փոքր լավ չի ստացվում կնոջը նվեր ընտրել, բայց գնացել ենք միասին եւ ինքն ընտրել, ես գնել եմ ու զգացել, որ իրեն շատ է դուր եկել իմ նվերը։
-Երբեւէ Ձմեռ պապիկի դերում հանդես եկե՞լ եք։
-Ձմեռ պապիկի դերում երեխաներիս նվերները տոնածառի տակ դնելու համար խառնաշփոթ իրավիճակներ եմ ստեղծել, որ ուշադրությունները շեղեմ, արհեստական դուռը բաց եմ թողել իբրեւ եկավ ու գնաց, բայց Ձմեռ պապիկի շորեր չեմ հագել, կարծում եմ՝դեռ ուշ չէ, կհասցնեմ մի օր հագնել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում