Մինչ ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ:
Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։
Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:
Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է։