«Սա լինելու է միջանցք՝ Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապն ապահովող․ Հայաստանի օգուտը այստեղ ինչի՞ մեջ է, չի երևում»,- այս մասին «5-րդ ալիքինk տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երկու օր առաջ հայտնի դաշնամուր նվագողը ասաց, որ Սյունիքի դարպասները պետք է բացենք։ Խոսքը նախագահի (Վահագն խաչատուրյանին–խմբ․) մասին է։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ 2 մլրդ 800 մլն դոլար է հատկացվում Ղարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղի կառուցելու համար։ Սա նշանակում է, որ ենթադրյալ այդ ճանապարհով երկաթուղին ոչ թե Երասխով գալու է Հայաստան և Հայաստանի տարածքով է մտնելու Թուիրքիա, այլ Նախիջևանից մտնելու է Թուրքիա, Իգդիր, Ղարս։ Եվ ճանապարհների բացման հետ այդ ճանապարհը որևէ առնչություն չի ունենալու։ Սա լինելու է միջանցք՝ Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապն ապահովող։ Հայաստանի օգուտը այստեղ ինչի՞ մեջ է, չի երևում․․․ Որ սա լինելու է միջանցք, ես չեմ կասկածում․․․ Եթե խոսքը արտապատվիրակման մասին է, չի կարող պետությունն իր ֆունկցիան արտապատվիրակել մասնավոր ընկերության․․․ Օրինակ, եթե այդ ճանապարհին վթար լինի, ո՞ր երկրի ոստիկանությունն է դա հետաքննելու, միջադեպը ո՞ր դատարանում է լսվելու, օրինակ, մահվան դեպքով, ինչ քննչական մարմիններն են զբաղվելու դրանով»,- ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանն իր ասուլիսում պնդում էր, որ ամեն ինչ լինելու է ՀՀ ինքնիշխանության ներքո, բայց հիմա նրա թիմակիցները զիջման վտանգ են տեսնում, Քոչարյանն ընդգծեց․ «Ոչ թե զիջման վտանգ է, այլ, ըստ էության, արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ․ խոսքը միջանցքի մասին է․․․ Ալիևը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևին պետք է ամբողջովին իր կողմից վերահսկվող միջանցք․ նպատակը սա է։ Նա շատ պարզ ասել է, որ չպետք է տեսնի սահմանապահ, չպետք է տեսնի որևէ հայի ընդհանրապես»։