«Նզովյալ հայտարարեք Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ Շվեյցարիայում հանդիպած և իրենց լռությամբ՝ փաստացի՝ Հայոց Մեծ Եղեռնը ուրացած հայտնի տասնյակին»,- դիմելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ․-ին ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա․-ին նշել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։
«Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության նահատակներին և Մեծ Եղեռնի մասին կասկածանքով խոսողն անարգում է ոչ միայն մեկ ու կես միլիոն զոհերին, նրանց ժառանգներին, Եկեղեցուն, այլ նաև՝ ամբողջ հայ ժողովրդին»,-նշել է Վարդան Ղուկասյանն ու հրապարակայնորեն դիմել է Գարեգին և Արամ Վեհափառներին։
«Ժողովուրդը ընդունում է Եկեղեցուն, որովհետև դժվար պահերին այն միշտ կանգնել է ժողովրի կողքին, իսկ քաղաքական դաշտն ունայն է, իսկ որոշ ուժերի, այդ թվում իմ ակտիվության պարագայում՝ պառլամենտական, այսպես կոչված, ընդդիմությունը վիժեցնում է ժողովրդի ցասումն ու շարժումը»,-ասել է Վարդան Ղուկասյանն ու շարունակել․«Դիմում եմ Ձեզ, Գարեգին Բ և Արամ Ա, ժողովրդին ուղորդեք կառավարության շենք, այնուհետ ԱԺ, մաքրենք իշխանությունն այս թափթփուկներից և կազմակերպենք արդար ընտրություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում նաև հրապարակել է իր նամակն՝ ուղղված Արամ Առաջինին․ այն ներկայացնում ենք ստորև․
«ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ Ա֊ին
Գերաշնորհ կաթողիկոս, հայ ժողովրդի համար այս դրամատիկ օրերին շատ քիչ են այն անձինք, ովքեր ի պաշտոնե ի վիճակի են միջամտել հայ ազգի և հայոց պետականության կործանման գործընթացին` կանխելով այն։
Ցավոք Գարեգին Բ֊ն դեռևս պատշաճ չի արձագանքել թրքահպատակ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսած եղեռնի ուրացման գործընթացին։
Թախանձագին խնդրում եմ, ժամանել Հայաստան, Երևան (ինքս այս պահին չեմ կարող ֆիզիկապես նույնը անել) և առաջնորդել ժողովրդին տապալելու թուրքի դրածոներին։
Ընդունեք ամենայն աջակցությունս և հարգանքս առ Ձեր անձը։
Վարդան Յ. Ղուկասյան»։