|
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս շաբաթ սկանդալ պայթեց՝ շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,157 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա՝ ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի թանկարժեք լուքը։ Իհարկե, նախարարն ունի լիարժեք իրավունք՝ ընտրելու իր ոճը, գնելու իրեն դուր եկած իրերը, բայց թափանցիկության մասին խոսող ՔՊ-ի պաշտոնյան ավելի թափանցիկ պետք է լինի։ Առավել ևս, երբ առողջապահության ոլորտում բժիշկները, բուժաշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար, այս ֆոնին նախարարի պայուսակի գինն այլ հնչողություն է ստանում: Նախարարից հետաքրքրվեցինք նաև նրա կրած զարդերի մասին՝ թանկարժեք մետա՞ղ են, թե՞ ոչ, քանի որ աչքի էին զարնում։ Նախարարն արձագանքեց, որ դրանք պարզապես բիժուտերիա են, որը նա սիրում է և գրեթե միշտ կրում։ Այսպիսով՝ նշենք, որ նախարարի լուքը, կոստյումի մասով գոնե, իսկապես շատ թանկ չէր. ամերիկյան կայքում նման կոստյումն արժե 106 հազար դրամ: Հավանաբար՝ այդքան էլ տաբատը»: |


