Մոռացե'ք Հայաստան-Ադրբեջան պատերազմի մասին, համաձայնագրի տեքստը համաձայնեցված է. Փաշինյան
«Պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու»,- Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում և Ադրբեջանում գործող ուժերին կոչ անելով լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որ ուղղակի կամ անուղղակի հակասում են խաղաղության տրամաբանությանը։ |
***
«Անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ։ Բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը առավելապես նվիրված է եղել Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաշտ է եղել այդ իրականության հետ, մինչև հասկացել է, որ․ «եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի՝ մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, բարեկեցությունը թույլ չտալու և մեր պետականությանը վերջ տալու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի իրագորոծումը մեկնարկել է 2018 թվականին, ապա եզրափակիչ փուլ է մտել 2020 թվականին և գագաթնակետին հասել 2021-ի մայիսին։ «Եվ այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում, որոնք կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է և այն շարունակելու մեր հավաքական ջանքը օգտագործվում է առանց այն էլ ՀՀ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։ |
***
«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Տեղի է ունենում «իրական Հայաստան»-ի սոցիալ- հոգեբանական հեղափոխությունը և առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու հայրենիքը նույնական են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ երբեք չենք ունեցել։ |