Վաղը՝ 16։30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Այս մասին իր սոցցանցում տեղադրված տեսանյությում ասել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը։
«Երբ երկրում մարդուն ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլեւս մեկ առանձին վերցրած մարդու խնդիրը չէ։ Խնդիրը այն է՝ ինչպիսին է լինելու Հայաստանը՝ ազատ, թե վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիր շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է մեզ բոլորիս, մեր պատվին։ Արդեն 121 օր է, իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանավորված է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին, մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել , ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերածել փոշու» ,– ասել է նա։
Հիշեցնենք, որ վաղը՝ 16։30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Մեր Ձեւով» շարժման հանրահավաքը։ Նախօրեին բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել էր 30 օրով։