«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի (որն արդեն մի քանի օր է՝ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով) պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, ողջ ՔՊ ու վարչական ապարատը։
Մեր տեղեկություններով, մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք, որն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին, իսկ Ստեփան Ասատրյանն էլ պարծեցել է, որ 10 հազար մարդ իր համար կհավաքվի։
Հենց այդքան էլ ծրագրում են հավաքել։
Իհարկե, 10 հազարը մեծ թիվ չէ իշխանության համար, սակայն փոքր տարածքում այդ քանակը տպավորիչ կլինի, եւ ժողովրդի նկատմամբ հոգեբանական գրոհ կկազմակերպեն, թե իրենց հակաեկեղեցական, հակակաթողիկոսական արշավն ինչքան հետեւորդ ունի, որ մարդիկ Հայաստանի տարբեր ծայրերից եկել են՝ սատար կանգնելու Վեհափառից «հալածված» քահանային։
Մտածում են՝ եթե հաջողեցին Հովհաննավանքում, ապա Վեհափառին հեռացնելն ու Եկեղեցին հպատակեցնելն արդեն հաջողված կարող են համարել։


