Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզերի դպրոցներում լողավազաններ չկան, սակայն «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար են անցկացնում
Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Տավուշում այդ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերին 25-ին, Դիլիջանի միջազգային դպրոցում։ Մրցաշարի փուլերը կանցկացվեն առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում․ Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբում՝ 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թթ․ ծնված աշակերտներ (8-12 տարեկան), 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թթ․ ծնված աշակերտներ (13-17 տարեկան): Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում, բացառությամբ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի, լողավազաններ չկան, որտեղ լողի մարզիչների ղեկավարությամբ դպրոցականները լող կսովորեին, որպեսզի մասնակցեն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարին։ Սեպտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցում եմ կատարել՝ ՀՀ հանրակրթական դպրոցների շենքերից քանի՞սն ունի լողավազան, քանի՞ դպրոցում է լող մարզաձևը ուսուցանվում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Լող մարզաձևն ուսուցանվում է արտադպրոցական ուսումնական հաստատություններում»»:
|