
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր
«Ուրարտու»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:
Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:
Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, Վահան:
Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»։
***
Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունվարի 14-ին ՀՀ արևելյան սահմանի զորամասերից մեկում (Վարդենիս) հայտնաբերվել էր 5 ամսվա ժամկետային զինծառայող, 18-ամյա Վահան Պետրոսյանի մարմինը։ Վահանը Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր, 6 տարեկանից ֆուտբոլով էր զբաղվում։ Ամռանն էր զորակոչվել բանակ։
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է՝ Քր. օրենսգրքի 522 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, որը կատարվել է՝ հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ կամ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։ Պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»:


