▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրտեսության» գործով թուրք կասկածյալի հեռախոսում հայտնաբերվել է ՀՀ նախկին նախագահի և նախկին վարչապետի հեռախոսահամարները

Թերթ.am-ը գրում է, որ Թուրքիայի պետական ​​«Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։

Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։

Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։

Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը:

Գյունը պարզաբանել է, որ նախկին պաշտոնյաների եւ գործարարների հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առեւտրային եւ գործարար գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի նախկին քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրեմ Իմամօղլուն և ընդդիմադիր տեսակետներ ներկայացնող «TELE1» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը մեղադրվում են «լրտեսության» մեջ։

Հոկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի (TEM) բաժնի աշխատակիցները ներխուժել են «TELE1-ի» շենք և խուզարկել այն՝ այդ թվում Յանարդաղի աշխատասենյակը։ Ապա լրագրողը ձերբակալվել է իր տանը՝ «լրտեսության» մեղադրանքով։

Ստամբուլի դատարանը քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը ձերբակալվել էր դատախազին վիրավորելու համար, դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին