Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ օրաթերթ»-ում գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ իր և Աննա Հակոբյանի առավոտյան զբոսանքն էր: Կողակցի հագուստը բաց էր ու կարճ, համատեղված կոպիտ կոշիկների հետ, ինչը համացանցում դարձավ սարկազմի և հումորի նյութ: Բայց ես չեմ անդրադառնա անձնական ճաշակին, ոչ էլ ազատ ոճին: Ներկա նյութում փորձելու եմ հակադրություն ստեղծել՝ հասկանալու, թե ինչու մեր նախկին ղեկավարների կանայք հագնվում էին ավելի ծանրակշիռ, զուսպ ու հասարակական համակրանքը գնահատող կերպարով:
Սա երբեք անձնական նախասիրություն չէր. այն միշտ եղել է պատմական և հասարակական կոնտեքստի պահանջ: Նախկինում հաշվի էին առնվում ազգային արժեքները, պատմական նորմերը, և գնահատվում էր հասարակության տեսանկյունից «պատշաճ» կերպարը: Դա անձնական ճաշակ չէր, այլ պարտադիր պահանջ՝ ազգային և միջազգային միջոցառումներում արժանապատվություն ու հեղինակություն պահպանելու համար։ Ազգային դեմքը, հոգևոր ու քաղաքական արժեքները ներկայացնող տիկինը, համարվում էր երկրի ներկայացուցիչ և խորհրդանիշ։
Այժմ իրավիճակը փոխվել է. Փաշինյանի կինը ընտրում է ազատ ոճ՝ կարճ զգեստներ և բաց ուսեր, ինչը ցույց է տալիս, որ ժամանակակից Հայաստանի հասարակական և պատմական նորմերը փոխվել են։ Նախկինում ներկայացված պատկերն արտացոլում էր կայուն պետություն և ազգային արժեքներ, այսօր՝ նույնը արտացոլում է արժեքների թուլացում և մեր ինքնության կորստի նշաններ։ Կարճ շորիկը՝ քաղաքական ու ազգային հաղորդագրություն է: Կոպիտ կոշիկներն ընդգծում են դրանք։ Առաջ ունեինք մեծ Հայաստան՝ հարգանքով և հեղինակությամբ, այսօր՝ փոքրացված, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին իմաստով: Եվ այո, հիմա կասեք՝ «ոչ, դա Հայաստանը չէ»: Բայց իրականությունն այն է, որ դուք եք ընտրել առաջնորդին՝ Հայաստանը ներկայացնելու համար։ Կարճ շորիկն ու ազատ ոճը ոչ միայն հագուստ են. դրանք արտացոլում են մեր ներկայի իրական պատկերը, հասարակական թուլացումները և պատմական արժեքների կորուստը։ Նույնիսկ հագուստի երկարությունը կարող է չափել պետության չափը ու հեղինակությունը»։