▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրենք երկվորյակ եղբայրներ են». Ալեն Սիմոնյան

«Սերժ Սարգսյանի վերջին ելույթը գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի հետ բաց պայքարի շփման նոր փուլ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․ «Չեմ ուզում մատի ու մատանու արանքը մտնեմ: Իրենք երկվորյակ եղբայրների տրամաբանությամբ ապրել են և քաղաքական երկվորյակ եղբայրներ են»: Սիմոնյանի խոսքով Սերժ Սարգսյանի քաղաքական պատմական էջը վաղուց փակված է․ «Բոլոր հարցումներով նա երեք ամենաբացասական վարկանիշ ունեցողների եռյակում է։ Ռոբերտ Քոչարյանը, ինքը և Արթուր Վանեցյանը թող իրար հետ շփվեն, կռվեն, ինչ ուզում են անեն, հայ ժողովրդին հանգիստ թողնեն»։

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, բխում է ՀՀ շահերից։ «Պետք չէ մտածել, թե ով ինչ կասի, նման միջոցառումները լավ հնարավորություն են միջազգային գործընկերների հետ տարբեր հանդիպումների համար։ Այնտեղ է լինելու նար Ադրբեջանի նախագահ Ալիևը»,- ասաց նա։
Անդրադառնալով Զելենսկու հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց․ «Մի երկրի առաջնորդը ինչ-որ բան է ասում մեկ այլ պետության ղեկավարին։ Մենք անվտանգության հետ կապված խնդիրներ չենք տեսնում, եթե վարչապետը վերջապես որոշի մասնակցել»։

***

«Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ-ում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դա իր կարծիքն է, փաստեր չունի․ «Ես քաղաքական գործիչ եմ և ունեմ քաղաքական հայտարարություն անելու ազատություն: Նա ռուսական շահեր հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նման ենթադրություն է անում, քանի որ թե՛ Քոչարյանի և թե՛ «Հայաստան» խմբակցության անդամների հայտարարությունները համընկնում են ռուսական կողմի հայտարարությունների հետ։

***

«Էս 7 տարի ա՝ մարդ են ման գալիս, տենց էլ կշարունակեն ու չեն էլ գտնի։ Գարուն-ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցին, որ ընդդիմադիրները ՔՊ-ից մարդ են ման գալիս, որ իմպիչմենթի գործընթաց սկսեն։ «Այս շահարկումները մեկ օրվա կյանք ունեցող գործընթացներ են։ Ըստ հարցումների, այսօրվա իշխանությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի կողմից: Վստահ եմ՝ եթե այսօր ընտրություններ լինեն, 50+1%-ով «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթելու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Հիշեք՝ Ֆեյսբուքից դուրս նաև կյանք գոյություն ունի: Ես հասկանում եմ, որ մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից, մասնավորապես՝ ՌԴ-ից: Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ․․․փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ են անում և այլն»,- հավելեց Սիմոնյանը՝ կանխատեսելով, որ այդ ամենը 2026-ին էլ ավելի է ակտիվանալու։ «Ես հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, ես վստահում եմ ՀՀ ժողովրդին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին