▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ազատվել տոնական օրերին ձեռք բերած ավելորդ քաշից. խորհուրդ է տալիս դիետոլոգը

Life.panorama.am-ը գրում է. Տոնական օրերն արդեն հետևում են, բայց ի տարբերություն այդ օրերի՝ ճոխ սեղաններից հավաքած ավելորդ կիլոգրամները դեռևս մեզ հետ են, իսկ դրանից ազատվելու և հետտոնական ստրեսից դուրս գալու համար իր մասնագիտական խորհուրդները կայքի միջոցով հայտնել է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

«Պետք է ուրախացնեմ բոլորին ու ասեմ, որ տոների ընթացքում ձեռք բերած 1-2 կիլոգրամը շատ շուտով կհեռանա մեզանից: Այնպես որ շատ արագ կստացվի հին քաշին վերադառնալու ընթացքը, որովհետև դա ավելի շատ տարվա, ապրելակերպային խնդիր է, այլ ոչ թե տոների: Սա ամբողջ աշխարհում հաստատված օրինաչափություն է՝ տոների ժամանակ ձեռք բերված քաշը երկու-երեք շաբաթում հետ է վերադառնում, քանի որ քաշի կարգավորումը երկրաժամկետ պրոցես է»,- նշել է դիետոլոգն ու ավելացրել.

«Հիմա ավելի շատ կարևոր է հետարձակուրդային ախտանիշը, երբ մարդիկ դժվար են վերադառնում  աշխատանքային պրոցեսին՝ դժվար են քնում, էլ ավելի դժվարությամբ են շուտ արթնանում, ուզում են էլի շատ ուտել, տրամադրություն չեն ունենում: Սա գալիս է նրանից, որ տոների ժամանակ մարդիկ ոչ միայն շատ են ուտում, այլ խախտվում է նրանց ողջ ռեժիմը, որը վերականգնելու ժամանակ օրգանիզմը կարող է «բողոքել»»:

Նման իրավիճակներից խուսափելու համար, ըստ դիետելոգի, լավ կլիներ նախապես մտածել և գոնե չխախտել ռեժիմը, բայց երբ սխալն արդեն արված է, Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս.

«Նախ կհորդորեմ հատկապես երեխաների դեպքում տոների, արձակուրդների ժամանակ ոչ մի ժամով չխախտել քնի ռեժիմը, բայց եթե արդեն խախտվել է ընդունված չափորոշիչը, ապա պետք է նախ սկսել ճիշտ սնվել՝ տաք ապուրներ, ցածր կալորիականությամբ ուտելիքներ օգտագործել: Շատ կարևոր է ճիշտ սնվել, պահպանել նախաճաշ, ճաշ և ընթրիք հերթականությունը: Հարկավոր է շատ օգտագործել բջջանյութ պարունակող ուտելիքներ, որոնք և ավելի շուտ են կշտացնում, և օգնում են, որպեսզի աղիքները հեշտ դատարկվեն. բջջանյութ շատ կա բանջարեղենի, կանաչեղենի մեջ, այդ նյութերով շատ հարուստ են ամբողջական հացահատիկով հացեղենը (շագանակագույն բրինձը, ամբողջական ցորենը, նաև դրանցից պատրաստված մակարոնեղենը և հացաբուլկեղենը, թեփով հացը, երկրորդ սորտի ալյուրով պատրաստված հացեղենը): Նաև օրգանիզմին ճիշտ բալանսի բերելու համար հարկավոր է զգուշանալ տարածված վարակներից, քանի որ նույն գրիպը, հարբուխը կարող է իջեցնել իմունիտետը, իսկ սրանից խուսափելու համար էլ հարկավոր է օգտագործել իմունիտետը բարձրացնող սննդամթերքներ՝ մեղր, սխտոր, սոխ, վիտամին B-ով և սպիտակուցով հարուստ մթերքներ»,- նշել է մասնագետը:

Վարդանուշ Պետրոսյանը հորդորել է նաև.

«Տարվա այս եղանակին ցանկալի է օրգանիզմում խիստ նվազեցնել շաքարի և շաքար պարունակող սննդամթերքների մուտքը, որովհետև տոնական օրերից հետո այդպիսիք շատ ենք օգտագործել: Ցանկալի է երկու շաբաթ հայտարարել առանց շաքարի շաբաթ և մեր սննդակարգում բացառել դրա մուտքը: Պետք է չմոռնալա նաև տաք հեղուկների, մասնավորապես թեյերի մասին. սրանք օգնում են, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտ ադապտացվի պայմաններին և արագացնում են ավելորդ ճարպերի քայքայումն ու դուրսբերումը մեր օրգանիզմից»,- նկատել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին