▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Գյումրիում՝ ռուսական 102–րդ ռազմաբազայի տարածքում

Ի՞նչ է կատարվում Գյումրիում՝  ռուսական 102–րդ ռազմաբազայի տարածքում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ռուսները պահում են ՀՀ սահմանները, պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը, և ովքեր ուզում են, որ ռուսական ռազմաբազան այստեղից դուրս գա, ուրեմն ուզում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, այսինքն՝ թուրքերը մտնեն Հյաստան»,- այս մասին «24նյուզ»-ի հետ զրույցում նշել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։

«Սրանք սնվում են եվրոպական գրանտներով, փողով ծախում են ՀՀ-ն՝ իրենց հայրենիքը․․․ Սրանք հատուկ թուրքական գործակալներ են, որոնք ուզում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։ Էստեղ լինելու են կա՛մ ռուսները, կա՛մ թուրքերը․․․ Եթե ուզում են ռուսներին՝ քրիստոնյաներին էստեղից հանել և բերել մուսուլմանների լուսինը, սրանց ես ի՞նչ ասեմ»,- հավելեց Ղուկասյանը։

***

Այսպես կոչված «հասարակական գործիչների» բողոքի ակցիան, որոնք պահանջում են 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան էժանագին քաղաքական ներկայացում, որը կազմակերպվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների՝ ԱՄՆ-ի և ԵՄ որոշ երկրների հրահրմամբ։ Այս մասին հայտարարել է լրագրող Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դժար չէ նկատել, որ նույն սուբյեկտները տարիներ շարունակ մասնակցել են Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր հակառուսական գործողություններին։

«Սրանք անպատասխանատու անհատներ են, որոնք սնվում են արևմտյան դրամաշնորհներով և անտեսում են այն ակնհայտ փաստը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը պատմականորեն կարևոր դեր է խաղացել Հայաստանի անվտանգության և կայունության ապահովման գործում: Արևմտյան դեսպանատների պատվերով՝ վարձատրվող ակտիվիստները, ըստ էության, խաթարում են իրենց երկրի անվտանգությունը: Մինչդեռ Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական կայունությունը անբաժանելիորեն կապված են Մոսկվայի հետ սերտ դաշնակցային հարաբերություններին։

Ռուսական կողմը երբեք չի հոգնում կրկնել, որ ինքնիշխան Հայաստանում ներքին քաղաքական գործընթացները նրա ներքին գործն են: Որպես մտերիմ դաշնակից և գործընկեր՝ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը և անկախ արտաքին քաղաքականության ընտրությունը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության հետ կապված հարցերը, փոխշահավետ են և ծառայում են որպես Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հիմք: Հենց Մոսկվայի հետ սերտ կապերն են Երևանին տալիս անհրաժեշտ աշխարհաքաղաքական ինքնիշխանություն և տնտեսական զարգացման հնարավորություններ: Եվ Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ապագա արտաքին քաղաքականությունը հաշվի կառնի այս դրական օրակարգը, որը կարևոր է երկու երկրների համատեղ ապագայի համար»:

Ռազմաբազայի շահագործման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և երկարաձգվել է ևս 24 տարով (մինչև 2044 թվականը)՝ Ռուսաստանի նախագահ Դ. Ա. Մեդվեդևի՝ 2010 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Ինչպես բացատրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ռուս զինծառայողների պատասխանատվության գոտին Հայաստանի տարածքն է, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում դա կդիտարկվի որպես Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիք։

***

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ իրականացվող «ակցիան», իրականում սադրանք է, սակայն ոչ թե այդ ռազմաբազայի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ՝ Հայաստանի Հանրապետության։
Գյումրու ռուսական ռազմաբազան, տեղակայված է այնտեղ ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերի հիման վրա, և եթե որևէ մեկը դժգոհություններ ունի այդ ռազմաբազայից, ապա իր դժգոհությունները հայտնելու տեղն ու հասցեատերը ՀՀ կառավարությունն է։
Ադրբեջանցիներին բարեկամ համարող սադրիչները, ճիշտ կանեն գնան Ջերմուկ և ՀՀ սուվերեն տարածք նեխուժած ադրբերջանցիների դեմ ցույց անեն՝ դուրս գալու պահանջով»:

***

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս պահին Հայաստանում ամենաանվտանգ մարդը բաբաջանյան արմանն է, ավելի անվտանգ քան նիկոլը, քանզի ՀՀ ամբողջ ոստիկանական համակարգը՝ իր բոլոր ստորաբաժանումներով ապահովում է բաբաջանյանի անվտանգությունը։
Ի դեպ բազա տանող ճանապարհը մի քանի կիլոմետր փակ է, հակառուսներին ուղեկցեցին ոստիկանական մեքենաներով ակցիայի վայր, բայց օրինակ լրագրողներին մեքենայով անցնել չթույլատրեցին»:

***

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Իրական Հայաստանը» էս ա` Նիկոլը իրա 20 բոմժին ղրգում ա 102 բազայի մոտ անիմաստ կլոունություն անեն, որ նախընտրական փուլի տեռորի ու ընտրական կեղծիքների վրա եվրոպացիք շարունակեն աչք փակել: Քոչարյանն էլ իր 20 բոմժին ղրգում ա 102 բազա «պաշտպանելու», որ Մոսկվայում մի երկու կաբինետի դուռ ծեծելու թեմա ունենա, մի երկու կոպեկ քերի, մասնակցի «ընտրություններին», անցողիկ շեմը հաղթահարի ու էս շրջապտույտը շարունակվի:
Երկուսն էլ իմիտացիա են անում: Ընդ որում, իմիտացիա է ամեն ինչը` թե իրանց «գործը», թե էդ երկու ճամբարի «հակադրությունը»: Մոսկվան էլ վստահ է, որ էդ ծաղրածուներին խաղացնելով իրավիճակը վերահսկողության տակ ա պահում: Արանքում Հայաստանից «Խ» տառն ա մնում ու մի երկու աման լափ»:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի թրքամետ 5-րդ շարասյունն, այսօր, այս վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում, Գյումրիում փորձելու է սադրանք հրահրել ռուսական ռազմաբազի մոտակայքում:
Մենք, իհարկե, նրանց չենք տեսնի ադրբեջանցիների կողմից օկուպացված Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս, որով պահանջեն Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական ռազմական բազան Հայաստանի տարածքից դուրս հանելու պահանջով:
Անորոշ ու պայթյունավտանգ միջազգային հարաբերությունների պայմաններում, որտեղ Կովկասը ցանկացած պահ կարող է վերածվել թեժ կետի, որտեղ կարող են բախվել գերտերությունները, նման սադրանքի հեղինակները պետք է պատժվեն, եթե ոչ հիմա, ապա քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո»:

***

Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքված։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ ռազմաբազայի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա։ «102-րդ ռազմաբազան սպառնալիք էր, ոչ թե անվտանգություն»,- գրել է նա։
«Մայր Հայաստան» շարժումը ևս հավաքի մասին է հայտարարել՝ ի աջակցություն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների և Գյումրի համայնքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի։
Այս պահին ռազմաբազայից հնչում են հայկական հայրենասիրական երգեր։

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը․ «Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը նախաձեռնել է ակցիա ՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի: Այն կրում է սադրիչ բնույթ և ուղղված է ՀՀ շահերի դեմ:
«Մայր Հայաստան» շարժումը Գյումրիի ռուսական ռազմաբազան համարում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից:
Ելնելով վերը նշվածից՝ 2025 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 14։30-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղակայված ռուսական ռազմաբազայի մուտքի մոտ տեղի կունենա շտապ հավաք` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, ի աջակցություն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների և Գյումրի համայնքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի»։

***

Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքված։ Փոխոստիկանապետը Նյուզ-ի հետ զրույցում ասել է, որ հասարակական կարգն են պահպանում։
Հիշեցնենք՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ, այսօր Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա։ «102-րդ ռազմաբազան սպառնալիք էր, ոչ թե անվտանգություն»,- գրել է նա։
Նյուզ-ը հայտնում է, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում ևս մեծաթիվ սև և կարմիր բերետավորներ են հավաքված։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին