▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերը կորցրել են»․ Իշխան Սաղաթելյան

«Այս թեման այնքան է խճճվել ու անլրջացել, որ շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց իրենց այն հայտարարությունը, որ իմփիչմենթ սկսելու համար բավարար ստորագրություններ չունեն, ապա, խոսելով զարգացումների հաջորդականության մասին անդրադարձավ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացին։ «Մենք ենթադրում էինք, որ «Պատիվ ունեմ»-ը, ՀՀԿ-ն՝ ստանձնելով պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունն ունի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է պակասող 28 ստորագորությունները տրամադրել։ Մեր գործընկերներին շատ պարզ հարցեր ենք տվել՝ արդյո՞ք 36 ստորագրությունը, այդ թվում պակասող 2-ը կա, ասացին, որ չկա, բայց եթե լինի էլ, չեն պլանավորում բերել ԱԺ օրակարգ, դա կանեն 54 ստորագրության դեպքում»,- ասաց Սաղաթելյանը՝ պատմելով, որ հետաքրքրվել են նաև, թե ե՞րբ են պատրաստվում փողոցային պայքար կազմակերպել՝ հստակ պատրաստակամություն հայտնելով ներգարվվել բոլոր գործընթացներում։ Սաղաթելյանի խոսքով իրենք հայտնել են «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին, որ իրենց 28 ստորագրությունները կան, թող իրենք կենտրոնանան անկախ 4 պատգամավորների և ՔՊ-ականների վրա։ «Բայց այդ ընթացքում Հայկ Մամիջանյանը հրապարակեց 6 ստորագրությունները։ Խոսակցություններ եղան, որ «Հայաստան» դաշինքից ոմանք կաշկանդված են քրեական գործերով, չեն միանում իմփիչմենթին, մենք հրավիրել ենք մեր պատգամավորներին, նրանք տվել են իրենց ստորագրությունները Դավիթ Համբարձումյանով անվստահություն հայտնելու գործընթացի համար։ Ասել ենք՝ կան ստորագրությունները, մեզ վրա մի կենտրոնացեք, եկեք միասին աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերը կորցրել են։ Նա ասաց, որ հարցերը հետևյալն են․ «Մեր գործընկերներն արդյո՞ք այս լեզվով են խոսում մեզ հետ և արդյո՞ք այս իրավիճակով ենք մոտենում գործընթացին, սա լո՞ւրջ է»։

Դիտեք նաև՝

«Մինչև ընտրություններ կա մեկ տարի ժամանակ։ ՀՅԴ-ի մոտեցումը հետևյալն է, որ մեր երկիր ներսում և երկրի շուրջ խաղաղ չէ և մինչև այդ ընտրությունները, տեղի են ունենալու բազմաթիվ դեպքեր և իրադարձություններ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի, այդ թվում՝ փողոցային պայքարի․ «Երբ ընտրությունները լինեն, կքննարկենք մասնակցության մեր ձևաչափն ու մոտեցումները»,- ասաց Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՅԴ-ն առանձի՞ն է մասնակցելու ընտրություններին, թե կրկին «Հայաստան» դաշինքով։

***

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը, որում ասված էր․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար լրջագույն աշխարհաքաղաքական ու ներազգային սպառնալիքների պայմաններում։
Արցախի բռնազավթումը և տեղի ունեցած էթնիկ զտումը, ՀՀ իշխանությունների հակազգային քաղաքականության հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը հարցականի տակ են դրել Հայաստանի պետականության ապագան։
Վարչախումբը, թշնամական ուժերի հետ համադրաբար, շարունակում է ազգային շահերն ու արժեքները պաշտպանող ուժերի թիրախավորումը, ներազգային պառակտումը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արհեստական հակադրություների սերմանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումները և հուսալքության մթնոլորտի տարածումը՝ նպատակ ունենալով ոչնչացնել ազգային դիմադրության հնարավոր օջախները։
Գործող վարչախումբն իր քաղաքականությամբ համայն հայությանը կանգնեցրել է պատերազմ կամ կապիտուլյացիա կործանարար երկընտրանքի առջև։
Ներկա իրավիճակում ազգային ուժերի և անհատների պատմական առաքելությունն ու գերխնդիրն է համազգային պայքարով ազատել հայ ժողովրդին այս կործանարար երկընտրանքից և հաստատել արդար ու տևական խաղաղություն։
Դա հնարավոր է միայն գործող իշխանությունների հեռացմամբ:
ՀՅ Դաշնակցությունը մերժում է պարտվողականությունը և ռազմավարական նպատակ է հռչակում նոր որակի ազգային պետության կառուցումն ու հայկական ինքնության պաշտպանությունը։
Առ այդ, հրամայական է.
ա) հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական ներուժի միավորումը,
բ) առկա մարտահրավերների հաշվառմամբ՝ պաշտպանունակության ու անվտանգության համակարգերի, ՀՀ Զինված ուժերի հրատապ վերակառուցումը,
գ) ՀՀ անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության նոր դոկտրինի ձևավորումը՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան,
դ) բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված արցախահայերի իրավունքների, այդ թվում՝ Արցախ հավաքական և անվտանգ վերադարձի և ինքնորոշման իրավունքի հետապնդումը:
ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման։
Ժողովը կոչ է ուղղում մեր հայրենակիցներին՝
միավորվել ազգային պայքարի օրակարգի շուրջ, մերժել հուսահատությունը և դառնալ հաղթանակի համագործուն մասնակից։
Հայ ժողովուրդն ունի ուժ, իմաստություն և կամք՝ հաղթահարելու ներկա ճգնաժամն ու կերտելու արժանապատիվ ապագա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին