▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հովհաննավանքը պղծվում է․ իրավապահներին հորդորում ենք կանխել ապօրինությունները»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․ «Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։
Ի հետևումն այս որոշման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին, ըստ Եկեղեցու կանոնների, արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես Եկեղեցու սպասավորներին։
Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև ս.թ. հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը և Եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026թ. հունվարի 15-ը։
Միաժամանակ, Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև՝ քրեորեն պատժելի արարք։
Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։
Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։
Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, և անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։
Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին