Հոգևորականները ՄՀՀ-ի վաճառքի և այնտեղ կազինո բացելու մասին բան չասեցի՞ն: Ափսոս, որովհետև, եթե չեք մոռացել, 2013 թվականին հենց մի շարք հոգևորականներ ոգևորված ելույթներ էին ունենում և փորձում հանրության համոզել, որ խաղամոլությունը, ինչպես նաև ցանկացած մոլություն, մեղք է, հետևաբար, պետք է արգելել խաղատները:
Այն հարցը, թե եկեղեցաշինության մոլությունը մեղք չէ՞ արդյոք, մնաց անպատասխան:
Այն, որ Երևանում արգելվեցին խաղատները, իսկ Երևանից դուրս՝ ոչ, այսինքն այն, ինչ խաղամոլությունը մայրաքաղաքում մեղք է, դրանից դուրս՝ մեղք չէ, հոգևորականների մոտ որևէ հարց չառաջացրեց, քանի որ այդ հոգևորականները տրամաբանության և բանականության հետ ընկերություն չեն անում:
Այն, որ նույնպիսի խաղամոլություն են վիվարոները, տոնոները, օնյալն խաղերը, այդ հոգևորականներին զարմանալիորեն չի հուզում, քանի որ, հավանաբար, հիմնական նպատակը Երևանում խաղատների բիզնեսը մոնոպոլիզացնելն էր, ինչում իրենց բաժինն ունի, հավանաբար, նաև երկրի «հոգևոր» վերնախավը: Կամ իր բաժինն ունի մյուս խաղերում, որոնք զգալիորեն ակտիվացան խաղատները փակելուց հետո:
2014 թվականի հունվարի 1-ին Երևանում դադարեցին գործել բազմաթիվ խաղատներ, ինչի հետևանքով հենց այդ օրը աշխատազուրկ դարձավ 4.500 մարդ: Հոգևորականների օժանդակությամբ խաղատները փակելու մեկ որոշմամբ այդքան մարդու աշխատազուրկ դարձրած կառավարությունը իր ողջ գործունեության ընթացքում այդքան աշխատատեղ չէր բացել:
Այդպես են որոշ հոգևորականներ, անձնական նախաձեռնությամբ կամ իրենց բարձրյալի կարգադրությամբ, պայքարում մարդկանց բարեկեցության դեմ՝ տվյալ դեպքում զրկելով աշխատանքից:
Երբ ենք հասկանալու, որ այսօրվա կեցվածքով և մենթալիտետով շատ հոգևորականներ սոցիալական էվոլյուցիայի փակուղային տեսակ են, և իրենց հետևից են տանում նաև եկեղեցին:
Հ.Գ. Ասում են, որ հոգևորականների համար ներմուծվող մեքենան մաքսազերծվում է չնչին գումարով, իսկ պակասորդը գրվում է ավելի շարքային մահկանացուների հաշվին: Ի՞նչ է ստացվում. Աստծո առաջ բոլորս ենք հավասար, բայց պետության առաջ՝ ո՞չ: