▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազարավոր քաղաքացիներ Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառին

Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «Վեհափառ» վանկարկելով

«Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,– ասաց կաթողիկոսը հավաքվածներին։

Գարեգին Երկրորդը տերունական աղոթք հնչեցրեց հենց օդանավակայանի ելքի մոտ

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ գործողություններ կձեռնարկի ի պատասխան իշխանությունների ծավալած արշավի։ «Եթե մենք ինչ-որ գործողություններ ձեռնարկենք, անպայման կտեղեկացնենք ձեզ այդ մասին»: Ինչ վերաբերում է ավելի վաղ եկեղեցու հասցեին հնչած հայտարարություններին, կաթողիկոսը հայտարարեց, որ Գերագույն խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է»,– պատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հազարավոր քաղաքացիներ  Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

Լրագրող Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում են դեպի «Զվարթնոց» օդանավակայան ձգվող ճանապարհին պատրաստ կանգնած ոստիկանական ավտոբուսները: «Հանել է իր ծանր հրետանին»,- գրել է նա:

***

***

***

Սա քաղաքական հավաք չէ, այլ աջակցություն` մեր հայրապետին: Այնինչ նախկինում մեր մտքով անգամ չէր անցնի, որ կգա մի օր, երբ պետք կլինի աջակցություն հայտնել ու պաշտպանել կաթողիկոսին, օդանավակայանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Եկեղեցին հայապահպանության ակունքներում է կանգնած, այս մարդիկ քանդում են մեր պետության հիմքերը: Նրանց նպատակն է, որ մենք կորցնենք մեր ինքնությունը, մեր հավատը»:

Արթուր Վանեցյանը վստահություն հայտնեց՝ մարդիկ գալիս են, և դեռ շատ ավելի շատ են գալու այսօր «Զվարթնոց» օդանավակայան: «Իշխանությունները կտեսնեն, որ Եկեղեցին ունի իր հետևորդները, իր նվիրյալները և իր պաշտպանները»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Հարցին` ինչո՞ւ ուժային կառույցները, իրավապահ համակարգը չեն զբաղվում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններով, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը հրաժարվեց պատասխանել` շեշտելով` միշտ խուսափել է իրավապահ համակարգին թիրախավորելուց:

***

«Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին սպառնալլիք է հանդիսանում․ այդ հարցը պետք է լուծել, և Փաշինյանը հաջորդ օրը սկսեց այդ հարցը լուծել․․․ Փաշինյանը պատվեր է կատարում, իրեն հոգեհարազատ ոճով՝ խորասուզվելով մարդու ինտիմ կյանք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
«Այսիքն՝ մուսուլմանն ու աղանդավորը փորձում են ներխուժել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խոհանոց և կազմաքանդել այն»,- ընդգծեց Ադիբեկյանը։

Դիտեք նաև՝

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչը` օդանավակայանում Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորելու գնալու շատ մեծ արձագանք է գտել տարբեր շրջանակներում և հիմա մեծ թվով մարդիկ ուղևորվում են դեպի «Զվարթնոց» օդանավակայան` Վեհափառին դիմավորելու, դրանով ի ցույց դնելով իրենց աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն և Նրա առաջնորդին: Սակայն, մեր տեղեկություններով, ինքը` Գարեգին Բ-ն, տեղեկանալով, որ նման ակցիա է նախապատրաստվում, դեմ է եղել և հորդորել է նման բան չկազմակերպել: Կազմակերպիչներն ու առաքելական եկեղեցու հետևորդները որոշել են այս պարագայում չլսել Հայրապետին: Արաբական միացյալ էմիրություններից ժամանող ինքնաթիռը, որով Հայաստան է վերադառնում կաթողիկոսը, վայրէջք է կատարելու 01:00-ին:

***

Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Լրագրողները խնդրեցին հստակեցնել` խոսում են, որ Վազգեն Միրզախանյանը չի աջակցում կաթողիկոսին: Դիվանապետը հերքեց նաև այս լուրը` ասելով` ինքներս էլ բազմաթիվ հարցեր ունենք, որոնք դեռ պատասխան չեն ստացել:

Հարցին` ամբոխի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Բռնի ուժով ամեն ինչ էլ կարելի է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում»։

***

«Փաշինյանը դեռ ինքը պիտի բերի, իր գենետիկան ապացուցի` հասկանանք` վերջը ինքն ո՞ւմ տղան ա: Էլչիբեյի՞ տղան ա, Վովայի՞ տղան ա, թե՞ Փաշինյան էր, ինչ էր, չէ` Փաշազադեի տղան ա»,- լրագրողների հետ զրույցում հարցադրում կատարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

***

«Մեր եկեղեցին շատերն են փորձել զավթել, ոչ մեկին չի հաջողվել, հաստատ Փաշինյանին ևս չի հաջողվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը վախենում է Եկեղեցու ազդեցության կշռից և հնարավոր է որևէ երկրի պատվեր է կատարում։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունները քաղաքացիական բախումներ կարող են հրահրել․ Մամիջանյանը պատասխանեց․ «Դա իրենց երազածն է։ Մի քանի անգամ այս ընթացքում իշխանություններն են եղել քաղաքացիական բախումների հրահրողները․․․ Դա իրենց համար նոր գործիքակազմ չէ։ Բայց չի կարող Եկեղեցու հետ կապված որևէ գործընթաց այդպիսի ելք ունենալ»։

***

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հազարավոր քաղաքացիների հետ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում: Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց` Եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտված է պարտության:
Դիտարկմանը` իշխանության անդամներն իր թեկնածությունը նվեր էին համարում, Համբարձումյանը պատասխանեց. «Դե ավելի լավ, թող ընտրեն, եթե իրենց համար նվեր եմ»:
Մեկ այլ հարցի` իսկ կարո՞ղ է ձեզ փչացնեն, նա կարճ պատասխանեց` իմ տերն աստված է:

***

«Եկեղեցուն հարված հասցնելը հարված է մեր ինքնությանը․ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և թույլ չտա»,- այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ Եկեղեցուն հարված հասցնելը անհավատ մարդկանց քայլեր են։

«Ադրբեջանցիները դրսից այդքան չեն կարող պառակտել մեզ, որքան կարող են երկրի ներսում այս հարվածով պառակտել, դրա համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի մեր Եկեղեցուն»,- ընդգծեց Օհանյանը։

***

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դուրս եկավ ինքնաթիռից ու «Զվարթնոց»-ի սրահով ուղևորվեց դուրս: Նրան շրջապատեցին բազմաթիվ լրագրողներ ու քաղաքացիներ` հարցեր տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսած գործընթացների մասին:

«Ոչ ժամն է պատեհ և ոչ էլ տեղը հարցազրույցի համար»,- լրագրողներիհետ զրույցից հրաժարվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Իր հանդեպ հնչեցված մեղադրանքներին, իրեն գահազուրկ անելու կոչերին ի պատասխան Վեհափառը հակիրճ պատասխանեց. «Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է: Եկեղեցուն վերաբերող հարցերը եկեղեցու կանոնաց ու կարգաց համաձայն քննվում են համապատասխան մարմինների կողմից: Ավելին ասելիք չունեմ»:

***

«Զվարթնոց» օդանավակայանի բակում կաթողիկոսը դիմեց իրեն ծափերով ողջունող ներկաներին ու համայն հայությանը. «Սիրելիներ, գիտենք, որ վարչապետի կողմից հնչեցված հայտարարությունները հանընդհանուր վրդովմունք են առաջ բերել: Հավատում եմ, որ աստծո ողորմությամբ և օգնությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները: Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո ու հավատարմության մեջ: Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ` եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ ու հայրենին մեր իրականացնելու անշեղորեն, արդյունավետ կերպով: Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունն ազգային մեր կյանքում: Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը: Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով մեր կարողությունների մեկտեղումով պիտի դիմակայենք բոլոր փորձություններին և արդեն մեր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելով լավատեսության հույսով ու հավատով կերտենք մեր ու մեր զավակների վաղվա պայծառ օրը: Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր և հավիտյանս»:

***

Հազարավոր քաղաքացիներ Վեհափառի հետ միասին Տերունական աղոթքը հնչեցրեցին օդանավակայանի բակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին